Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը պահանջում է բացահայտել երեկվա միջադեպը հրահրողներին


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը այսօր պահանջեց իշխանություններից բացահայտել երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը հրահրողներին եւ խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկողներին` վստահություն հայտնելով, սակայն, որ ոստիկանությունը գործը չի բացահայտի:

«Ավելի քան 300 ականատես ոչ միայն այնտեղ էին, բայց համարյա ամեն օր հավաքվում են այնտեղ: Ուրեմն այս գործը բացահայտելու համար որեւէ դժվարություն չկա», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Զուրաբյանը: - «Եվ ուրեմն` կա’մ ոստիկանությունը արագորեն բացահայտում է այս գործը, կա’մ, եթե ոչ, ապա սրանով ընդունում է, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, ուստի միայն այդ պատճառով մնալու է անպատիժ: Ես վստահ եմ, որ ոստիկանությունը այս գործը չի բացահայտելու»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հրապարակեց այն ավտոմեքենաների պետհամարանիշները, որոնցով հարձակվողները եկել էին Հյուսիսային պողոտա:

Երեկ հիվանդանոց տեղափոխված Ռիմա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ ինքն ու ծեծի ենթարկված մեկ մյուս կինը հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են Հյուսիսային պողոտա:

Ականատեսների վկայությամբ ծեծկռտուքը հրահրել էին երեք կին, որոնց ուղեկցում էին մի քանի տասնյակ ամուր կազմվածքով երիտասարդներ: Նրանք ասել էին, թե գնում են «Լեւոնի գլուխը ջարդելու»:

«Այդ կանայք մոտեցան մեր կանանց հետ խոսելու, ու դրանից պրովոկացիա սարքեցին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ականատեսներից մեկը: - «Այդ կանայք իրենց հետ բերել էին իրենց զորքը` 50-60 հոգի»:

Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքների» մասնակիցներից շատերը պնդում էին, որ այդտեղ հերթապահող ոստիկանները ճանաչում էին հարձակվողներից շատերին:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց պնդումները, թե ոստիկանները չեն միջամտել. - «Եթե ոստիկանները չլինեին, այստեղ ահավոր բան տեղի կունենար… Մենք պարզապես տեղյակ չէինք, թե ինչ կատարվեց: Պարտաստված չէինք նման բանի: Տղաներն ուղղակի այստեղ քիչ քանակով սովորական ծառայություն էին իրականացնում: 4-5 հոգով հնարավոր չէր…»:

Հայաստանյան թերթերում այսօր հրապարակված լուսանկարներում, սակայն, հստակ երեւում է, որ ոստիկանների թիվն անցնում է առնվազն մեկ տասնյակից, ընդ որում` դրանց թվում կան նաեւ «կարմիր բերետավորներ», որոնք, սովորաբար, չեն լինում Հյուսիսային պողոտայում:

Հայաստանի ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապեի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ միջադեպի առթիվ քրեական գործ հարուցված չէ, սակայն Կենտրոն համայնքի ոստիկանության բաժանմունքում նյութեր նախապատրաստվում են:

Միջադեպի տուժողներն ու ականատեսները կազմել են բողոք ու այն հանձնել Կենտրոն համայնքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Մեհրաբյանին:

Այսօր ավելի ուշ ինտերնետում տարածված հայտարարության համաձայն` Հյուսիսային պողոտայում մի խումբ սափրագլուխների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից հարձակման են ենթարկվել «Հերիք ա» հասարակական նախաձեռնության անդամները: Այս նախաձեռնության մասին մինչեւ այժմ որեւէ տեղեկություն չկար, մինչդեռ հայտարարության հեղինակները պնդում են, թե այն գործում է այս տարվա ապրիլի 2-ից:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG