Մատչելիության հղումներ

Կառավարությունը առաջարկում է որոշակի պաշտոնատար անձանց զրկել անձեռնմխելիությունից


Հայաստանի կառավարությունը մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակն է որոշակի պաշտոնատար անձանց զրկել անձեռնմխելիությունից:

Երկրում անձեռնմխելիության իրավունքից օգտվում են ոչ միայն նրանք, ում այդ իրավունքը վերապահված է Սահմանադրությամբ` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, մարդու իրավունքների պաշտպանը, դատավորները, այլեւ տարբեր օրենքներով անձեռնմխելի են նախագահի, պատգամավորության, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների թեկնածուները, դատախազները, նոտարական գրասենյակների եւ մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները, մոտավոր հաշվարկներով` մի քանի հազար տարբեր աստիճանի պաշտոնյաներ:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այդ օրինագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել, ըստ որի` նախագծերը մշակելիս հաշվի չեն առնվել անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձանց կարգավիճակի առանձնահատկությունները, առավել եւս` կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Պաշտպանը հատկապես նկատի է ունեցել իր ղեկավարած գրասենյակի անդամներին:

Նախագծերի հեղինակ` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ նման փոփոխությունների պահանջ Հայաստանի իշխանություններին ներկայացրել է GRECO-ի խումբը. - «Արդեն երկու-երեք տարի շարունակ այս պահանջը ներկայացվում է, եւ Հայաստանի Հանրապետությունը համարվում է այս պահանջը չկատարած երկիր»:

«Վերջին հաշվով, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպե՞ս մենք կարող ենք անձեռնմխելիության ինստիտուտով ապահովել ժողովրդավարություն», - ընդգծեց արդարադատության նախարարը: - «Պարզապես պետք է քրեական դատավարության գործընթացը, քրեական հետապնդման գործընթացը հստակեցվի, սահմանվի եւ իրականացվի ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Բայց անձեռնմխելիության ինստիտուտը դրա դեղը չէ, դրա լուծումը չէ, բացարձակապես»:

«Առայժմ մենք անում ենք այն, ինչ հնարավոր է անել օրենսդրական ակտերով», - ասաց Գեւորգ Դանիելյանը եւ վստահեցրեց, որ հաջորդ քայլը լինելու է միասնական մոտեցում որդեգրելը. - «Այսինքն` եթե զրկում ենք մենք անձեռնմխելիության ինստիտուտից, ապա պետք է դրանից զրկվեն բոլոր պաշտոնատար անձինք»:

Նախարարը նշեց, որ հաջորդ քայլերը հնարավոր է կատարել միայն Սահմանադրությունը բարեփոխելու ճանապարհով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG