Մատչելիության հղումներ

Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը


Աբխազիան այսօրվանից ժամանակավորապես փակում է սահմանը Վրաստանի հետ: Այդ մասին երկուշաբթի երեկոյան հատուկ որոշում է ընդունել չճանաչված հանրապետության անվտանգության խորհուրդը:

«Որոշումը վերաբերում է թե’ քաղաքացիական անձանց, թե’ մեքենաներին: Սահմանն անցնելու իրավունք կունենան միայն Աբխազիայում գրանցված միջազգային առաքելությունների ներկայացուցիչները` Աբխազիայի անվտանգության խորհրդի եւ արտգործնախարարության հետ խորհրդակցելուց հետո», - հայտարարել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Սերգեյ Բաղապշի խոսնակը:

Պաշտոնական Սուխումիի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների սրման հերթական պատճառ դարձան Սուխումիում եւ Գագրայում անցած օրերին արձանագրված պայթյունները, որոնց արդյունքում առնվազն 8 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ: Աբխազիան պնդում է, թե ահաբեկչական այդ գործողությունների ետեւում կանգնած են Վրաստանի հատուկ ծառայությունները:

«Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ահաբեկչությունը դարձրել է պետական քաղաքականության գործիքներից մեկը», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Աբխազիայի առաջնորդն ու հավելել. - «Վրաստանի իշխանությունները փորձեցին վախեցնել մեզ պատերազմով, շրջափակմամբ, քաղաքական ճնշումներով, սակայն` ապարդյուն: Հիմա էլ սպառնում են ահաբեկչություններով ու ներքին անկայունությամբ»:

Պաշտոնական Թբիլիսին, սակայն, կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

«Կոչ եմ անում Սուխումիի իշխանություններին` կարգուկանոն հաստատել սեփական տանը եւ առանց հիմնավոր փաստարկների մեղադրանքներ չհնչեցնել Վրաստանի հասցեին», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլին: - «Շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել Վրաստանի իշխանություններին: Մենք շարունակ հայտարարել ենք, որ Աբխազիան գտնվում է վերահսկողությունից դուրս, եւ այնտեղ բազմաթիվ զինված խմբավորումներ են գործում, որոնք պարբերաբար հարձակումներ են իրականացնում միմյանց վրա: Տեղի ունեցած պայթունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում»:

«Վրաստանի հետ սահմանը փակելու դեպքում Աբխազիայի իշխանությունները համարժեք պատասխան կստանան պաշտոնական Թբիլիսիի կողմից», - իր հերթին, հայտարարել է Վրաստանի պետնախարար Գեորգի Բարամիձեն:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG