Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1620 բանաձեւի վերաբերյալ «168 ժամ»-ի թղթակցի հարցին ի պատասխան` Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է. - «Ես հիմա չեմ ուզում մեկնաբանություններ անել, մի հոգի ավելի, մի հոգի պակաս` նշանակություն չունի: Ես խաղի մեջ կամ մտնում եմ, կամ չեմ մտնում: Ես հիմա չեմ պայքարում: Հայաստանում կատարվում են բազմաթիվ բաներ, որոնց արձագանքը ես չեմ տալիս: Իսկ ԵԽԽՎ-ի բանաձեւը չեմ կարծում, թե նա է, որի համար ես բացառություն անեմ եւ մեկնաբանություններ տամ»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե հենց հիմա ղարաբաղյան խնդրի շուրջ համաձայնության հասնելու հրաշալի հնարավորություն կա: Եթե մի քիչ ջահել լինեին, երեւի կշրջապատեին Սերժ Սարգսյանին ու կվանկարկեին «հի-մա’», «հի-մա’»… Ռուսաստանցի համանախագահն էլ հայտարարեց, թե 14-15 հիմնարար սկզբունքներից միայն 4-ի շուրջ կողմերը տարաձայնություններ ունեն, մնացած կետերը համաձայնեցված են: Ափսոս` չասաց, թե որոնք են այդ 4 կետերը: Բայց մեզ, անկեղծ ասած, այդ չհամաձայնեցված կետերը չեն հետաքրքրում: Մեզ ավելի շատ համաձայնեցվա’ծ կետերն են հետաքրքրում: Բա չիմանա՞նք այդ որ կետերն են, որոնց շուրջ «պրոբլեմ չկա»: Որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», դա գիտենք, բայց մարդ ես, մեկ էլ տեսար` պարզվեց, որ «Մեղրին էլ մեր հայրենիքը չէ»: Դրա համար էլ ճիշտը նախօրոք իմանալն է: Հո չե՞նք ասում բանակցային գաղտնիքները բացահայտեք: Որ հարցերի շուրջ բանակցությունները ավարտվել են` դրանք բացահայտեք»:

Մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական հանձնախումբ ստեղծելու մասին` «Տարեգիր»-ը իր վարկածն է ներկայացնում. - «Հայտնի է, որ Մոսկվան միշտ էլ խանդով է վերաբերել Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների նորմալացմանը: Կրեմլը միշտ էլ կարողացել է ռմբահարել հայ-թուրքական սահմանները բացելու բոլոր նախաձեռնությունները` վախենալով Հայաստանում իր ազդեցության կորստից: Սակայն վերջերս տեսակետներ են հնչում, որ Հայաստանում ավելի ու ավելի ամրապնդվող ռուսական կապիտալը ցանկանում է մեր երկիրը որպես բազա օգտագործել թուրքական անծայրածիր շուկան գրավելու համար: Այսինքն` Մոսկվան այնքան էլ դեմ չէ սահմանները բացելուն, սակայն` իր վերահսկողության ներքո: Գուցե հենց այս ենթատեքստում էլ պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի առաջարկությունը»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Հայաստանում մեծահարուստներից ոմանք ունեն մի քանի տասնյակի հասնող զինված ջոկատներ, որոնց գործառույթը շատ ավելի լայն է, քան «շեֆի» եւ նրա ունեցվածքի անվտանգությունը: Դրանք անօրինական զինված խմբավորումներ են, որոնք օգտագործվում են թե’ միջկլանային «ռազբորկաների» ժամանակ (ինչպես, օրինակ, «տէցի կրուգի» դեպքում), թե’ զուտ քաղաքական նպատակներով՝ քաղաքական գործիչների եւ լրագրողների վրա հարձակվելու, ընդդիմության հանրահավաքները խափանելու համար եւ այլն: Պարզ է, որ այդ ջոկատները համալրված են իսկական «գալավառեզներով», որոնք ամեն ինչի ընդունակ են: Հասկանալի է նաեւ, որ օլիգարխների այդ «զորքը» զինված է անօրինական զենքով եւ ամենեւին՝ ոչ միայն ատրճանակներով: Ավելորդ է ասել, թե ինչ վտանգ են նրանք ներկայացնում պետության համար: Եթե իշխանությունն իսկապես ուզում է ինչ-որ բան փոխել, նա պիտի հնարավորինս արագ վերջ տա այդ «բեսպրեդելին»: «Մարտի 1-ի» գործի քննությունը դրա համար շատ լավ առիթ է»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է երկխոսության մեջ մտնել իշխանության հետ` եթե ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանում քաղաքական հայացքների համար քրեական հետապնդման ենթարկվող անձ գոյություն չունի։ Հետեւաբար եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջադրված է մի նախապայման, որի կատարումն ի սկզբանե բացառված է այն հավաստմամբ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ գոյություն չունեն, ապա մնում է միայն եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանն իրականում չունի իշխանությունների հետ երկխոսելու ցանկություն, ճգնաժամը լուծելու նպատակ ու ձգտում։ Այսինքն՝ դրանց վերաբերյալ հրապարակային ցանկացած հայտարարություն առնվազն անկեղծ չէ»:

Անդրադառնալով Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքին, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը` «Հրապարակ» թերթը գրում է. - «Սա բավականին հետաքրքիր ընտրատարած է: Հենց այս տարածքում 2003 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ դանակահարեցին նախագահի ընդդիմադիր թեկնածու Արամ Կարապետյանի վստահված անձ Հայկ Բաբուխանյանին: Հենց այս ընտրատարածքում 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ սառույցով եւ քարերով մարմնական վնասվածքներ հասցրին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահներին: Այս ամենից հետո Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը նշանակվեց Հայաստանի ոստիկանապետ… Ըստ վաղուց ի վեր շրջանառվող լուրերի, Արարատի մարզում ոչ թե օրենքի իշխանություն է, այլ Հովիկ Աբրահամյանի»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG