Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան. «Առանց բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհնար է հասնել վերջնական կարգավորման»


Առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել հիմնախնդրի վերջնական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` շաբաթ օրը Ստեփանակերտում հանդիպելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզայի, Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ:

Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանում առկա հակահայկական քարոզչությունը եւ ռազմատենչ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, այլեւ խիստ բացասաբար են ազդում բանակցային գործընթացի եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման վրա: Որպես դրա վկայություն` նա հիշեցրել է մարտի 4-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտակերտի շրջանում հրահրված ռազմական գործողությունները:

Լեռնային Ղարաբաղի նախագահը շեշտել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը եւ Բաքվի հետ անմիջական երկխոսության հաստատմանը:

Բակո Սահակյանը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, եւ այն այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը, ինչին, Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության վկայությամբ, համանախագահները համամիտ են եղել: Նրանք նաեւ պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` նշելով, թե բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը ժամանակի հարց է:

Հանդիպմանը ներկա էին Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG