Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ն իր խմբագրականում կարծիք է հայտնում. - «ԵԽԽՎ-ում Հայաստանի իշխանական պատվիրակները, հավանաբար, կարժանանան որեւէ մեդալի կամ նույնիսկ շքանշանի: Նրանք Ստրասբուրգում «ուս-ուսի տված, առյուծի նման» կռիվ տվեցին, որպեսզի՝ ա/ քաղբանտարկյալները առնվազն եւս մի քանի ամիս մնան անազատության մեջ, բ/ քաղաքապետարանը կամայականորեն արգելի ընդդիմության հանրահավաքները, գ/ «Ա1+»-ը մոտ ժամանակներս եթեր չվերադառնա: Այս առումով, ի դեպ, հաստատ շքանշանի է արժանի Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, մինչդեռ, «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Խոսվում էր «Ա1+»-ի նկատմամբ քաղաքական խտրականության մասին, ինչը եւս ծառայեցվում էր Հայաստանի Հանրապետությունը վարկաբեկելու նկրտումներին։ Եվրադատարանը իր որոշման 97-րդ կետում հստակ ընդգծել է, որ «Մելտեքսի» նկատմամբ որեւէ խտրական դրսեւորում չի եղել։ Այս կերպ փաստորեն վերացրել է ներքաղաքական լարում հրահրելու բազմիցս օգտագործված «գործիքը»… Հուսով եմ, որ մեր հանձնաժողովի եւ երկրի նկատմամբ զրպարտանքը, ի վերջո, կդադարեցվի։ Եվրադատարանի այս որոշումը մեզ համար նույնն է, ինչ 37 թվականին «Ժողովրդի թշնամի» մեղադրանքով դատապարտվածի համար 53 թվականի համընդհանուր արդարացման որոշումը»։

«Ժամանակ Երեւան»-ը մեջբերում է մարտի 1-ին Լեո - Պարոնյան հատվածի հայտնի դալանի մոտ գտնված ականատեսներից մեկի վկայությունը. - «Դեպի փողոց դալանը փակել էին 6-7 բարձրաստիճան ոստիկաններ, նրանք պատ էին կազմել… Ես տեսա, թե ինչպես էր ոստիկանության գնդապետը ատրճանակից կրակում: Նա նշան էր բռնում ու կրակում էր: Ես չէի տեսնում, թե, ասենք, ով էր ընկնում նրա կրակոցից, բայց մի քանի րոպե անց դալանով քարշ էին տալիս արդեն վիրավորներին: Նրանցից մեկի որովայնի վրա արյան մեծ հետք կար, ակնհայտորեն հրազենային վնասվածք էր ստացել, եւ այդ վիճակում ոստիկանները նրան հարվածում էին մահակով, ոտքերով ու ձեռքերով: Ես կասկածում եմ, թե այդ վիրավորները ողջ են մնացել»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կոռուպցիայի մասին «Հայք»-ը գրում է. - «Վարչապետն ասում է, թե գիտի այն մարդկանց անունները, որոնք փորձում են միջամտել հարկային ու մաքսային մարմինների աշխատանքներին: Գիտի, բայց չի ասում: Հանցագործի մասին իմանալ-չհայտնելը նույնպես հանցագործություն է: Հակառակ դեպքում այն կարելի է որակել որպես շանտաժի միջոց: Եթե վարչապետը իր իմացած տվյալները չի հրապարակում, ապա ի՞նչ է ակնկալելու իր ենթականերից կամ Հայաստանի քաղաքացիներից: Արդյոք սա հերթական ապացույցը չէ՞, որ հանցագործությունները կոծկելու արատավոր երեւույթը ծնունդ է առնում հենց վերեւներում»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կոռուպցիայի մասին «168 ժամ»-ը գրում է. - «Վարչապետը եւ կառավարության նիստի տառացիորեն բոլոր մասնակիցները գիտեն, թե ով ինչպես է նշանակվել աշխատանքի, ինչ փոխհարաբերությունների մեջ են իրենց ենթակաների եւ անմիջական ղեկավարների հետ, որ օղակում է առավել հեշտ ու անվտանգ կաշառք վերցնել: Եվ բոլորը իրենց անվտանգ ու ապահով են զգում, քանի որ չկա լոկալ կաշառակերություն, կա կոռուպցիա, ուր ներգրավված են պետական բոլոր բարձրաստիճան ծառայողները: Այնպես որ, քանի դեռ, ինչպես Վրաստանում մի անգամ եղավ, կառավարության նիստի ժամանակ դիմակավոր, մկանուտ տղաները 10-15 չինովնիկի ձեռքերը ոլորած` բամաթիվ տեսախցիկների առաջ դուրս չբերեն նիստերի դահլիճից, միջին օղակի կաշառակերների դեմ ցասումնալից ելույթներին, ինչպես Ստանիսլավսկին կասեր` չենք հավատում»:

«Մինչ երեկ հայտնի չէր, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համար որտեղ է տարածք հատկացվելու», - գրում «Հրապարակ» թերթը: - «Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է գրասենյակ ունենալ Տերյան փողոցի վրա: Երեկ տեղեկացանք, որ նրա գրասենյակը լինելու է «Էրեբունի» հյուրանոցի մի հատվածում` Հանրապետության հրապարակի ետնամասում: Այժմ այնտեղ շինաշխատանքներ են ընթանում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG