Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Վերջերս Մոսկվայում Սերժ Սարգսյանն ասել է, որ դեմ չէ հայ - թուրքական հանձնաժողով ստեղծելուն, որը կուսումնասիրի պատմական փաստերը, բայց՝ միայն երկու պետությունների միջեւ սահմանները բացելուց հետո: «Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ - թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ», - ասաց նախագահը: Ցանկացած բանական մարդ (անկախ նրանից, թե քաղաքական որ ճամբարում է գտնվում եւ ինչպես է վերաբերվում ներկայիս նախագահին) պետք է նման մոտեցումը ողջունի: Ցանկացած դաշնակցական այդ մոտեցման դեմ պետք է ընդվզի: Բայց արի ու տես՝ դաշնակցականները ձայն չեն հանում, քանի որ օգտվում են կոալիցիոն կերակրատաշտից, իսկ ընդդիմությունը, որն այս հարցում, հավանաբար, որոշել է դաշնակներից էլ ավելի դաշնակ դառնալ եւ բոլոր «սփյուռքասերներից» ավելի «սփյուռքասեր», ըստ էության, հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը Ցեղասպանությունն ուրացող ազգի դավաճան է: Ինչ արած, քաղաքականություն է»:

«Հրապարակ». - «Ապրի Տիգրան Սարգսյանը, որ գտնում է մեր կյանքի խոցերը եւ առաջարկում բուժել դրանք: «Ուղղակի ծաղկող եւ գագաթնակետի հասած ցինիզմով» ուղեկցվող կաշառակերությունը մեկ օրվա, մեկ ամսվա, նույնիսկ մեկ տարվա պատմություն չէ: Նման խորության հասնելու համար տարիներ են պետք ու նաեւ վերեւից եկող «դաբրո», վերեւի կամոք ամենաթողության մթնոլորտ է պետք: Իսկ գերեզմանոցներում տիրող կաշառակերության մեջ մեղավոր են ոչ միայն քաղաքապետարանն ու տարածքային կառավարման նախարարությունը, այլ նաեւ այսօրվա նախագահը, երեկվա վարչապետը, ժամանակին իրավապահ մարմնի ղեկավար Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման ներկայիս նախարարը ու էլի շատերը, որոնց հետ Տիգրան Սարգսյանը մտադիր է «համառ պայքար» ծավալել կաշառակերության դեմ: Այնպես որ, Տիգրան Սարգսյանի այս նոր խիզախումը առնվազն ինքնաքննադատության տպավորություն է թողնում»:

Անդրադառնալով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւին` «Հայոց Աշխարհ»-ը փաստում է, որ մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովին առաջարկվում է որոշումներն ընդունել կոնսենսուսի սկզբունքով, ընդ որում՝ այն տարածել նաեւ խորհրդակցական ձայնով հանձնաժողովի անդամ հանդիսացող ընդդիմության ներկայացուցիչների վրա։ «Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպե՞ս են Ազգային ժողովի նորաստեղծ ժամանակավոր հանձնաժողովի անդամները կոնսենսուսով աշխատելու ՀՀՇ-ի Գեւորիկի հետ եւ ի՞նչ է ստացվելու դրա հետեւանքով։ ԵԽԽՎ-ի բանաձեւը կոչ է անում նաեւ Հայաստանի իշխանություններին «անհարկի սահմանափակումներ» չկիրառել «Հանրահավաքների մասին» օրենքում, ինչը նույնպես որոշակի անորոշությունների եւ տարիմաստ մեկնաբանությունների դաշտ է ստեղծում, քանի որ իշխանություններին ու ընդդիմությանը հնարավորություն է տալիս յուրովի մեկնաբանել «անհարկի սահմանափակումներ» հասկացությունը։ Ամեն դեպքում, կարծում ենք, ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանից հետո ընդդիմությունն այլ ճանապարհ չունի, քան իշխանությունների հետ լուրջ երկխոսության նախաձեռնումը», - գրում է թերթը:

«Տարեգիր». - «Հայաստանի իշխանությունները ինչ-որ տարօրինակ հակվածություն ունեն դեպի ֆուտբոլային մարզադաշտերը: Հունիսի 20-ին ցանկանում էին ընդդիմության հանրահավաքը արտոնել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ, իսկ հուլիսի 4-ի հանրահավաքի համար ընտրել են Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը: Հավանաբար, ֆուտբոլային կրքերը ոմանց մեջ առաջացրել են տարածական զգացողության խանգարումներ: Դրանից ազատվելու համար կոալիցիային առաջարկում ենք բոլոր կուսակցական համագումարներն անցկացնել բացառապես ֆուտբոլային հանդիպումների ընդմիջումներին»:

«Իրավունք»-ը, հիշեցնելով, որ հունիսի 20-ի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց մարտի 1-ի բոլոր զոհերին Ազգային հերոսի կոչում շնորհել, որոշել է հիշեցնել, թե ովքե՞ր են Ազգային հերոսները. - «Մինչ օրս 14 անձ է կրծքի ձախ կողմում կրում Հայրենիքի շքանշանը: Նրանք են` ազգային-ազատագրական պայքարում եւ Ղարաբաղյան պատերազմում սխրագործություններ կատարած Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Գեղազնիկ Միքայելյանը, Ջիվան Աբրահամյանը, Յուրի Պողոսյանը, Վիտյա Այվազյանը: Հետմահու այդ կոչումը ստացել են նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ, դրանից առաջ հայոց զորքերի սպարապետ Վազգեն Սարգսյանն ու Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, ՀԽՍՀ ղեկավար, իր ծավալուն շինարարական գործունեության համար ժողովրդի մեջ սիրված եւ Կարեն Շինարար անունն ստացած Կարեն Դեմիրճյանը: Հայաստանի Ազգային հերոսներ են նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող հայ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ՆՍՕՏՏ Վազգեն Ա կաթողիկոսը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Ալեք Մանուկյանը: 2004-ի մայիսի 27-ին Ազգային հերոսների շարքը համալրեցին աշխարհահռչակ երգիչ-բարերար Շառլ Ազնավուրը եւ ամերիկահայ խոշոր գործարար-բարերար Քըրք Քըրքորյանը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG