Մատչելիության հղումներ

Մանրամասներ «Ոսկե ծիրան» կինոփառատոնից


«Ֆիլմերի այսպիսի առատությունը խոսում է փառատոնի արդեն հաստատված հեղինակության մասին»,- ասում է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Ընտրությունը, նրա խոսքով, հեշտ չի եղել. - «454 ֆիլմից 166-ն ենք ընտրել: Մինչդեռ անցյալ տարիներին 120 ֆիլմից ավելի չենք ունեցել: Մեզ սահմանափակողը կինոդահլիճներն են, որ քիչ են: Այս տարի, սակայն, մեր 3 դահլիճներին ավելանալու են նաեւ Տիկնիկային թատրոնի երկու դահլիճները»:

Արդեն կազմված են փառատոնի մրցութային եւ արտամրցութային ծրագրերը: Մրցութային ծրագրում ներկայացված է 53 ֆիլմ:

Արտամրցութային ծրագիրը նույնպես բավական հարուստ է:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվեն իրանցի կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուի, գերմանացի անվանի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի, ինչպես նաեւ ֆրանսիացի ճանաչված կինոռեժիսոր Կատրին Բրիյայի ֆիլմերը:

«Հարգանքի տուրք» ծրագրում կցուցադրվեն Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերը: Վիլյամ Սարոյանի հոբելյանական տարվա կապակցությամբ «Ոսկե ծիրան»֊ը կներկայացնի Հայաստանում եւ արտերկրում Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր:

Կցուցադրվեն նաեւ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը` նրա ծննդյան 70-ամյակի առթիվ:

Փառատոնը բացելու է Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները» ֆիլմը, իսկ փակումը լինելու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի “Երկրպագություն” ֆիլմով:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG