Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստը


Երեկ Երեւանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:

Հովակիմյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանում քննություն հանձնելուց հետո նա դուրս է եկել փողոց, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ, ասելով, թե «աղջկա հետ կապված հարց կա»:

«Հասկացա, որ սուտ է, որովհետեւ նման հարց ես չունեմ», - ասաց «Հիմա»-ի անդամը: Նա փորձել է փախչել, սակայն քիչ անց վրա է հասել երկրորդ երիտասարդը, եւ նրանք երկուսով հարվածներ են հասցրել Հովակիմյանի գլխին եւ որովայնին:

«Միանշանակ սա քաղաքական է: Կարծում եմ, նրանք այս իշխանության սպասարկուներն են», - ասաց Հովակիմյանը:

Նրա հայրը զանգահարել է ոստիկանություն եւ տեղեկացրել կատարվածի մասին: Մինչդեռ ոստիկանությունում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե ահազանգ չեն ստացել:

Ավելի ուշ ոստիկանության Կենտրոն համայնքի հետաքննչական ծառայությունից ներկայացուցիչներ են այցելել հիվանդանոց եւ հարցաքննել Նարեկ Հովակիմյանին:

Մեկ ամիս առաջ ծեծի էր ենթարկվել «Հիմա» կազմակերպության ղեկավար Արսեն Խառատյանը: Քրեական գործ էր հարուցվել, սակայն մինչ օրս հանցագործները չեն հայտնաբերվել:

«Հիմա» երիտասարդական կազմակերպությունը հարում է Լեւոն Տեր֊Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը եւ պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում Երեւանում:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` Գագիկ Շամշյանի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG