Մատչելիության հղումներ

Մարկ Պերեն դը Բրիշամբոն վերընտրվել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար


ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը Վիեննայից հաղորդում է, որ ԵԱՀԿ-ի Նախարարների խորհուրդը կոնսենսուսով ընդունել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին երկրորդ եռամյա ժամկետով այդ պաշտոնում հաստատելու մասին Մշտական խորհրդի առաջարկը:

«Ես այսօր էլ զգում եմ ճիշտ այն ոգեւորությունը, որն ունեի առաջին օրը, երբ նոր էի ստանձնել պաշտոնը: Ինձ ոգեւորում է կազմակերպության համար աշխատող անձնակազմի փորձառությունը եւ տեսլականը, որն ամեն օր մեզ հետ է», - ասել է գլխավոր քարտուղարը եւ հավելել. - «Ամբողջական, խաղաղ եւ ազատ Եվրոպայի տեսլականը բոլորիս է ոգեշնչում, բոլորս գիտենք, որ առջեւում դեռ մեծ աշխատանք կա դրան հասնելու համար»:

ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը այդ կառույցի բարձրագույն վարչական պաշտոնյան է, ԵԱՀԿ-ի նախագահության՝ հերթագայության կարգով իրականացվող ամենամյա փոփոխության շրջանում նա ապահովում է նախագահության շարունակականությունը եւ կատարում է գործող նախագահի ներկայացուցչի լիազորությունները:

59-ամյա Մարկ Պերեն դը Բրիշամբոն առաջին անգամ 2005 թվականին է ստանձնել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է Ֆրանսիայի պետական կառույցներում եւ միջազգային կազմակերպություններում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG