Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման


Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործերով դատարանը հայրենիքի դավաճանության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Թալիշ Սադո» («Թալիշի ձայն») թերթի խմբագիր Նովրուզալի Մամադովին: Այդ մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը:

Մեղադրող կողմի պնդմամբ` լրագրողը «թալիշների ազգայնամոլական գաղափարներ է քարոզել եւ փորձել է խարխլել Ադրբեջանի պետության հիմքերը»:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ թալիշները բնակվում են Ադրբեջանի հարավային շրջաններում եւ մշակութային սերտ կապեր ունեն հարեւան Իրանի հետ:

«Թալիշի ձայն» թերթի ադմինիստրատոր Էլման Գուլիեւը նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

Մամադովն ու Գուլիեւը հերքում են մեղադրանքները եւ մտադիր են բողոքարկել դատավճիռները:

Գուլիեւն ընդունել է, որ «Թալիշի ձայն»-ը Իրանում գործող մի թալիշական կազմակերպությունից ամսական ստացել է հազար դոլար` որպես օգնություն:

Նախօրեին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձեւ, որով մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում մարդու իրավունքների բնագավառում իրավիճակի վատթարացման կապակցությամբ:

ԵԽԽՎ-ն այդ բանաձեւով դատապարտել է ազատ խոսքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ընդդիմադիր լրագրողներին ահաբեկելու եւ ժողովների ու հավաքների ազատությունը ոտնահարելու ադրբեջանական իշխանությունների գործելակերպը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG