Մատչելիության հղումներ

«Ամենաարագ թողարկված դրոշմանիշը»` «Եվրո - 2008»-ի եզրափակիչից հետո՞


Ավստրիայի փոստային ծառայությունը ցանկանում է դրոշմանիշի թողարկման արագության յուրօրինակ ռեկորդ սահմանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտին:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Գերմանիայի, Ռուսաստանի, Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո Oesterreichische Post փոստային ծառայությունը եւ Ավստրիայի պետական հրատարակչությունը հայտարարել են, որ մտադիր են եզրափակիչ խաղից անմիջապես հետո թողարկել տասը դրոշմանիշ, որոնք կպատկերեն հաղթող թիմին եւ խաղի մասին տեղեկություններ՝ հաշիվը եւ գոլերի հեղինակների անունները:

Հունիսի 30-ին տեղական ժամանակով գիշերը ժամը 2-ին Վիեննայի կենտրոնական փոստատունը արդեն վաճառքի կհանի դրոշմանիշները եւ դրանով կգերազանցի 2001 թվականի ռեկորդը, որը սահմանել է Մեծ Բրիտանիայի Արքայական փոստային ծառայությունը` դրոշմանիշ թողարկելով 10 ժամ 24 րոպե անց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Ելիզաբեթ երկրորդը հավանություն է տվել դրոշմանիշի դիզայնին:

«Հուսով եմ, որ դրոշմանիշի վրա գրված կլինի «3:1 հօգուտ Իսպանիայի», - իր անձնական ցանկությունն է հայտնել Oesterreichische Post ընկերության խոսնակ Միխաել Հոմոլան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG