Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում


Մատենադարանին հարող տարածքում երեկոյան 20:00-ին սկսվեց Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հանրահավաքը:

Թեեւ Մատենադարանի մոտ հանրահավաքի անցկացումը արտոնված չէ Երեւանի քաղաքապետարանի կողմից, Համաժողովրադական շարժման ներկայացուցիչների եւ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի միջեւ բանակցություններից հետո ոստիկանությունը թույլ տվեց Մաշտոցի պողոտայում հավաքված հազարավոր մարդկանց բարձրանալ դեպի Մատենադարան:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի գնահտմամբ, հանրահավաքի մասնակիցների թիվը հասնում է 50 հազարի: Մինչդեռ, Երեւանի ոստիկանության վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանրահավաքականների թիվը չի անցնում 10 հազարից:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ալեքսանդր Աֆյանը իր որոշումը բացատրեց նրանով, որ ցուցարարները արգելափակել էին փողոցային երթեւեկությունը, «խախտել այլ անձնաց իրավունքները», ինչից հետո որոշում է ընդունվել թույլատրել մարդկանց բարձրանալ դեպի Մատենադարան:

Քաղապետարան ներկայացված հայտում նշված էր, որ հանրահավաքը տեւելու է 4 ժամ:

Հանրահավաքում ելույթ ունեցավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը խոստացավ, որ «եթե իշխանությունները մինչեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի սկսվելը ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին», ինքը կհորդորի եվրոպացիներին պատժամիջոցներ չկիրառել Հայաստանի նկատմամբ:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմության հաջորդ հանրահավաքը կկայանա հուլիսի 4-ին:


Ռուզաննա Ստեփանյան եւ Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG