Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյան. «Չեմ զղջում, որ այսօր այստեղ եմ»


«Ես ճիշտ ուղի եմ բռնել, ես չեմ զղջում, չեմ ափսոսում, որ այսօր այստեղ եմ: Կգա ժամանակը` ամեն ինչ պարզ կլինի, թե ես ինչի համար եմ այստեղ», - հայտարարեց հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված` Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Լինելով Հանրապետական կուսակցության անդամ` ես չեմ եղել այնտեղ կամակատար, ես իմ հայացքներն եմ ունեցել քաղաքական եւ իմ տեսակետն եմ ունեցել այս տարիների ընթացքում», - ընդգծեց Միքայելյանը: - «Այն, ինչ հիմա է կատարվում` ես միշտ ասել եմ, որ պրոբլեմներ կան այստեղ եւ ժողովրդի հետ: Եվ ամեն ինչից անկախ` ես չէի կարող ժողովրդից հեռանալ, անտարբեր լինել»:

«Այն, ինչ գրել են, սուտ գործեր են կոծկել վրաս, սուտ ցուցմունքներ են տալիս», - վստահեցրեց կալանավորված պատգամավորը` հավելելով. - «Ես կարող եմ դատվել իմ արածի համար, բայց չարածիս համար ես չեմ դատվի, ես դավաճանության հոդվածով չեմ դատվի: Ես իմ կյանքը դրել եմ, կռված տղա եմ` հրամանատար, ես ո՞նց կարող էի նման քայլ անել: Մարտի 1-ին ես արդեն այնտեղ էի որպես պատգամավոր եւ աշխատել եմ ամեն ինչ կանխել: Իմ համար ամեն ինչ պարզ է, թե ինչ են ուզում»:

Անդրադառնալով ներկայիս իրավիճակից դուրս գալու ուղիներին, մասնավորապես` իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հնարավորությանը, Սասուն Միքայելյանը համոզմունք հայտնեց, որ «մեզ համախմբվել է պետք, մարդիկ պետք է հասկանան` ինչ է կատարվում»:

Նա հնարավոր համարեց երկխոսությունը Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ` պարզաբանելով. - «Այն տղաները, որ կան այստեղ, բոլորը թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ են մոտ եղել, թե’ Սերժ Սարգսյանի: Իմ կարծիքով` այս տղաներին պետք է բաց թողնեն, գնան նստեն բանակցության, խորհրդարանը պետք է ցրեն, որովհետեւ դա քայլ է` մի քայլ պետք է արվի այս երկրում: Առաջին քայլն է. նորմալ ընդդիմություն ձեւավորվի Ազգային ժողովում, ինչ-որ տեղ հույսի մթնոլորտ կձեւավորվի»:


Կարինե Քալանթարյան

(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG