Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմանը


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածու, Իլինոյսը ներկայացնող սենատոր Բարաք Օբաման եւս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, համաձայն որի` Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանին հունիսի 16-ին հղած նամակում Բարաք Օբաման, մասնավորապես, գրել է. - «Ես համակարծիք եմ ձեզ հետ, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության գործադրածը որպես ցեղասպանություն: Մենք պետք է ճանաչենք այդ ողբերգական իրողությունը: Աններելի է, որ Բուշի վարչակազմը հրաժարվում է դա անել, եւ ես շարունակելու եմ ջանքեր գործադրել, որպեսզի վարչակազմը փոխի իր դիրքորոշումը»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` սենատոր Օբաման նամակում նաեւ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնից Ջոն Էվանսի հետկանչի կապակցությամբ. - «Ես խորապես անհանգստացած էի, երբ երկու տարի առաջ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը պաշտոնանկ արվեց հայերի զանգվածային կոտորածը նկարագրելիս «ցեղասպանություն» տերմինը օգտագործելու համար: Պետդեպարտամենտին ուղղված նամակում ես պետքարտուղար Ռայսին կոչ եմ արել հանգամանորեն ուսումնասիրել Միացյալ Նահանգների կառավարության, իմ կարծիքով` անհիմն դիրքորոշումը»:

Այս տարվա հունվարին Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ էր արել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը, ինչպես նաեւ խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

«Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտախոս է Հայոց ցեղասպանության հարցում եւ վճռականորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ դառնալ այդ նախագահը», - հայտարարել էր նա:

Ընտրարշավի ընթացքում Օբաման արդեն քանիցս վերահաստատել է Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը հունվարի վերջին պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններում Բարաք Օբամային սատարելու մասին:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթի եւ «Էյ Բի Սի Նյուս» հեռուստաընկերության կողմից համատեղ անցկացված հարցումների` երեկ հրապարակված արդյունքների համաձայն, Բարաք Օբաման առավելություն ունի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հանրապետական մրցակից Ջոն ՄըքՔեյնի նկատմամբ. այս պահի դրությամբ նրանց վարկանիշներն են, համապատասխանաբար, 48 եւ 42 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG