Մատչելիության հղումներ

Ամերիկյան Կոնգրեսում կանցկացվեն Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականությանը նվիրված լսումներ


Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում տեղի կունենան Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը նվիրված լսումներ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց, որ լսումների ընթացքում կոնգրեսականները պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին կուղղեն Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը, Հայաստանին տարածաշրջանային տնտեսական ծրագրերից մեկուսացնելուն, Ադրբեջանում Ղարաբաղի հասցեին արվող սպառնալի հայտարարություններին վերաբերող հարցեր: Կարծարծվեն նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին օգնություն հատկացնելու թեմաները:

«Ի՞նչ քայլեր է անում վարչակազմը Հայաստանի շրջափակումը դադարեցնելու, Կովկասի տարածաշրջանի ինտեգրմանը նպաստելու ուղղությամբ` այս հարցն է լսումների օրակարգում», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանը:

Հայ դատի գրասենյակի խոսնակը նշեց, որ լսումների ընթացքում կարող է անդրադարձ լինել նաեւ Հայաստանում հետընտրական զարգացումներին:

Դենիել Ֆրիդը մարտի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ողջունել էր Երեւանում արտակարգ դրության վերացումը, սակայն հավելել էր, որ դեռ կան լուծում պահանջող խնդիրներ: Նա ասել էր, որ Հայաստանը պարտավոր է վերադառնալ ժողովրդավարության ճանապարհ: «Մի բան է բռնությունների համար ձերբակալությունը: Բայց մարդիկ, ովքեր ձերբակալվել են առավել կասկածելի շարժառիթներով, պետք է ազատ արձակվեն: Հարկ է կայունացնել իրավիճակը, հարկ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ», - ասել էր Դենիել Ֆրիդը:

Վաղը ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչին հաստատելու հարցը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Յովանովիչի թեկնածությունը նախագահ Ջորջ Բուշը առաջարկել է այս տարվա մարտի 28-ին:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը երկու անգամ արգելափակել է վարչակազմի առաջարկած նախկին թեկնածու Ռիչարդ Հոգլանդի հաստատումը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա մերժողական դիրքորոշման համար, ինչից հետո Բուշի վարչակազմը հետ էր կանչել Հոգլանդի թեկնածությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG