Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը հրաժեշտ տվեց Չինգիզ Այթմատովին


Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում հրաժեշտ են տվել հայտնի գրող եւ պետական գործիչ Չինգիզ Այթմատովին:

Գրողը վախճանվել է երեքշաբթի օրը գերմանական Նյուրնբերգ քաղաքի հիվանդանոցում, 79 տարեկանում:

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության փոխանցմամբ` հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Բիշքեկի Ազգային ֆիլհարմոնիայի շենքում: Արարողությանը մասնակցել են Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ, Բիշքեկում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:

Ազգային ֆիլհարմոնիայի շենքից Այթմատովի աճյունը տեղափոխել են մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ Ալատոու, որտեղ գրողին հրաժեշտ են տվել հազարավոր քաղաքացիներ: Հրապարակից աճյունը հուղարկավորության համար փոխադրել են Աթա-Բեյիթ՝ «Հայրերի գերեզմանոց»:

Չինգիզ Այթմատովի մահվան կապակցությամբ հանգուցյալի հարազատներին եւ Ղրղըզստանի ղեկավարներին ցավակցություն են հայտնել պետական գործիչներ եւ արվեստագետներ ամբողջ աշխարհից:

Ցավակցական հեռագիր է հղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ արվեստագետները նշում են, որ Չինգիզ Այթմատովը բարձր է գնահատել հայ գրականությունը եւ միշտ շատ ջերմ հարաբերություններ է ունեցել հայ գրողների եւ ընթերցողների հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG