Մատչելիության հղումներ

Արա Հովհաննիսյանը մեղադրվում է ոստիկանի ատրճանակը հափշտակելու մեջ


Երեւանի բնակիչ Արա Հովհաննիսյանը կալանավորվել է` մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրան ամրակցված ծառայական ատրճանակը հափշտակելու մեղադրանքով:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, վկայակոչելով Հատուկ քննչական ծառայության եւ ոստիկանության համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցները, տեղեկացնում է, որ անմիջական մասնակցություն ունենալով Գրիշա Այվազյանի նկատմամբ բռնությունների գործադրմանը, Արա Հովհաննիսյանը հափշտակել է ոստիկանին ամրակցված «Մակարով» ատրճանակը՝ 8-ական փամփուշտով լիցքավորված երկու պահունակի հետ միասին:

Հունիսի 7-ին Արա Հովհաննիսյանը ձերբակալվել է եւ նույն օրը խոստովանել է, որ դեպքից անմիջապես հետո ատրճանակը գցել է «Սեւան-Հրազդան-Արարատ» ջրատարը՝ «Հաղթանակ» կամուրջի հարեւանությամբ: Հովհաննիսյանի մատնանշած տարածքում կատարված տեղազննությամբ հայտնաբերվել են ատրճանակն ու փամփուշտներով լիցքավորված պահունակները:

Հունիսի 10-ին Արա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ», եւ 238 հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով` «զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG