Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը առաջարկում է հունիսի 20-ի հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտին հարող հրապարակում


Երեւանի քաղաքապետարանը երեկ չի արտոնել հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

Նրա վկայությամբ՝ քաղաքապետարանը պատճառաբանել է, թե նույն օրը մտադիր է միջոցառում անցկացնել Ազատության հրապարակում: Լեւոն Զուրաբյանը հայտնել է, որ ուրբաթ օրը իրենք կրկին հայտ են ներկայացնելու հանրահավաք անցկացնելու համար եւ բողոքարկելու են քաղաքապետարանի որոշումը դատարանում:

Հինգշաբթի ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քննարկելով հունիսի 20-ի հանրահավաքի մասին իրազեկումը, որոշում է կայացրել մերժել թե' Ազատության հրապարակում նախատեսված միջոցառումը եւ թե' դրանից հետո նախատեսվող երթը:

Քաղաքապետարանը նշում է, որ «միեւնույն ժամանակ, առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող հրապարակում»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը, քաղաքապետարանը պատրաստվում է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել «Փոքրիկ երեւանցի» միջոցառումը:

Նա վստահեցրեց, որ այս միջոցառումը նախապես էր ծրագրվել` «երեխաների պաշտպանության մեկամսյակի» շրջանակներում. - «Սա նախատեսված էր, քանի որ այս տարի 2790-ամյակն է Երեւան քաղաքի, եւ մի շարք ծրագրեր ունենք, որի մեջ կա ոչ միայն «Փոքրիկ երեւանցի» ծրագիրը, այլ նաեւ կլինի գրքի փառատոն, կլինի պարի փառատոն, եւ «Փոքրիկ երեւանցի» միջոցառման հետ կապված կա քաղաքապետի որոշում: Քաղաքապետարանը ինչու է որոշել, որ այս ամիս կանցկացնի` գիտեք, հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է»:

Մովսիսյանը հայտնեց նաեւ, որ այդ օրը Ազատության հրապարակում երեխաներին մատչելի գներով հետաքրքիր ատրակցիոններից օգտվելու հնարավորություն է ընձեռվելու:

Ընդդիմությունը բազմիցս է հայտարարել, որ անցկացնելու է Ազատության հրապարակում ծրագրված հանրահավաքը՝ անկախ քաղաքապետարանի որոշումից:

Թեեւ խորհրդարանը այս շաբաթ հաստատել է հավաքների, ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները, որոնք մեղմացնում են հանրահավաքների կազմակերպման պայմանները, ներկայումս գործում է արտակարգ դրության ժամանակ ընդունված օրենքը, որը խիստ սահմանափակում է նման հնարավորությունը եւ քննադատվել է միջազգային կառույցների կողմից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG