Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասիե. «Սանկտ Պետերբուրգում հաջողվեց բանակցությունների դրական մթնոլորտ ստեղծել»


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում արդյունք ունենում է, եւ յուրաքանչյուր հանդիպումից հետո առաջընթաց կա: Այդ մասին APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` վստահեցնելով, որ «Սանկտ Պետերբուրգում նույնպես հաջողվեց բանակցությունների դրական մթնոլորտ ստեղծել»:

Նշելով, որ միջնորդները պատրաստվում են տարածաշրջան այցելել, նա հավելել է, որ այցի ժամկետները կճշտվեն մոտ օրերս` դա կախված է Ադրբեջանի, Հայաստանի նախագահների, արտգործնախարարների գրաֆիկից:

Հարցին, թե արդյոք Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշման մեջ որեւէ նոր պահեր կա՞ն, Բեռնար Ֆասիեն պատասխանել է, թե դա ամբողջությամբ հասկանալու համար անհրաժեշտ է Երեւան այցելել:

«Ներկա պահին համանախագահների հիմնական խնդիրն է հստակեցնել ու ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների շուրջ` հաշվի առնելով երկու կողմերից ստացվող առաջարկները», - նշել է ֆրանսիացի համանախագահը` ավելացնելով, թե բանակցություններում որոշ նոր պահեր կային:

Չմանրամասնելով, թե խոսքը ինչ նոր պահերի մասին է, Ֆասիեն ասել է, թե համանախագահներին որոշ ժամանակ է պետք իրենց աշխատանքն ավարտելու համար:

«Մեր նպատակը հիմա պարզ է. մենք պետք է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների, արտգործնախարարների նոր հանդիպումներ կազմակերպենք», - ամփոփել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG