Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը սպասում է Սենատում Մարի Յովանովիչի պատասխաններին


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության առնչությամբ իր քայլերը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը կհստակեցնի, երբ հունիսի 19-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայանալիք լսումների ժամանակ դիվանագետը կներկայացնի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության, հայ - ամերիկյան հարաբերությունների շուրջ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

«Այս պահին դեռ չգիտենք, թե տիկին Յովանովիչը ի՞նչ ձեւով պետք է պատասխանի Հայոց ցեղասպանության, Ամերիկա - Հայաստան հարաբերությունների հարցերի վերաբերյալ սենատորների հարցերին: Հարցերի պատասխանների բերմամբ է, որ պետք է տեսնենք, թե հաջորդ քայլերը ի՞նչ են լինելու», - նշեց Չուլջյանը:

«Անցյալ տարի, երբ դեսպան Հոգլանդը Հայոց ցեղասպանությունը մերժեց, ամերիկահայ գաղութը մտահոգություն հայտնեց սենատորների կազմին, եւ տեսանք, որ սենատոր Մենենդեսը` Նյու Ջերսիից, կանխեց այդ պրոցեսը», - հիշեցրեց Հայ դատի գրասենյակի խոսնակը եւ հույս հայտնեց, որ Մարի Յովանովիչը «պետք է ճշտի իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի գծով, չմերժի Հայոց ցեղասպանությունը»:

«Արդեն երկար ժամանակ է, ինչ Ամերիկան Հայաստանում ներկայացուցիչ` դեսպանի մակարդակով, չունի: Չե՞ք կարծում, որ սա հայ - ամերիկյան հարաբերությունների վրա ազդում է», - այս հարցին Էլիզաբեթ Չուլջյանը հակադարձեց. - «Կարեւոր է ունենալ ամերիկյան դեսպան Հայաստանում, բայց նաեւ կարեւոր է, որ այդ դեսպանը կարողանա իրապես ներկայացնել Ամերիկան Հայաստանում: Երբ ունենաս դեսպան, որը մերժում է Հայոց ցեղասպանությունը, այդ անձը պետք եղած վստահելիությունը չունի, որ կարողանա ներկայացնել ամերիկյան շահերը: Եվ Ամերիկայի սենատորները, ինչպես սենատոր Մենենդեսը, տեսան այդ հարցը, մտահոգվեցին այդ հարցով, եւ այդ իսկ պատճառով կանխեցին անցյալ տարի պարոն Հոգլանդի թեկնածությունը»:

Նա վստահեցրեց, որ «եթե մի թեկնածու առաջադրվի, որը չի մերժում Հայոց ցեղասպանությունը, այդ տեսակետից Հայ դատի հանձնախումբը եւ ամերիկահայ գաղութը եւ ընդհանրապես այդ սենատորները շատ ավելի բարյացկամ պիտի լինեն` այդ պետք եղած որոշումը տալու, դեսպան ուղարկելու Հայաստան»:

Ղրղըզստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչին Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը առաջադրել է այս տարվա մարտի 28-ին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թվականի սեպտեմբերից, երբ նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց, ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:

Դեսպանի պաշտոնում Սպիտակ առաջադրում էր մեկ այլ կադրային դիվանագետի` Ռիչարդ Հոգլանդին, որի հաստատումը, սակայն, արգելափակվեց Սենատում` դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը հրաժարվեց 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին Սպիտակ տունը պաշտոնապես հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

(Լուսանկարում` Մարի Յովանովիչ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG