Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հաստատման հարցով լսումները Սենատի հանձնաժողովում կկայանան հունիսի 19-ին


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի թեկնածության հաստատման հարցով լսումները Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կկայանան հունիսի 19-ին: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Ղրղըզստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչին Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը առաջադրել է այս տարվա մարտի 28-ին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թվականի սեպտեմբերից, երբ նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց, ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:

Դեսպանի պաշտոնում Սպիտակ առաջադրում էր մեկ այլ կադրային դիվանագետի` Ռիչարդ Հոգլանդին, որի հաստատումը, սակայն, արգելափակվեց Սենատում` դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը հրաժարվեց 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին Սպիտակ տունը պաշտոնապես հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:

Հայ դատի գրասենյակը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ զրույցներում կարեւորել է դեսպան Յովանովիչին հարցեր ուղղելը «բազմաթիվ խնդիրների առնչությամբ, որոնք ծառանալու են նրա` որպես Հայաստանում Միացյալ Նահանգների պատվիրակի, առջեւ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ժողովրդավարական եւ խաղաղ լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ի հավասարակշռված դերի անհրաժեշտությունը»:

Դեսպանի հաստատման հարցով լսումների նախօրեին` հունիսի 18-ին, լսումներ են նախատեսված Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում, որոնց ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը ներկայացնելու է Միացյալ Նահանգների քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանում: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակն ակնկալում է, որ լսումների ժամանակ կոնգրեսականների ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի շրջափակման, Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության եւ այլ կարեւոր խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG