Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Արդյունքում եղան զոհեր» վերնագրի ներքո ներկայացնում է հարցազրույց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Գնահատելով ընթացիկ քաղաքական իրավիճակը` Սամվել Բաբայանը ասում է. - «Հասարակական լարվածությունը միգուցե թվացյալ թուլացել է, բայց խորքային առումով մենք դեռ չենք հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խնդիրները, որոնք էլ պատճառ են դառնում հանրային դժգոհությունների: Այդ դժգոհություններն իրենց գագաթնակետին են հասնում համապետական ընտրությունների ժամանակ, եւ այդ առումով նախագահական վերջին ընտրությունները բացառություն չկազմեցին»: «Մարտի 1»-ի եւ ընդհանրապես երկրում տիրող մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն, ըստ Սամվել Բաբայանի, իշխանություններն են:

Երեւանյան մի քանի թերթեր այսօր արտատպել են «Արգումենտի ի ֆակտի» թերթում լույս տեսած «Արյունոտ շաբաթվա 100-րդ օրը» հոդվածը: Վերլուծաբան Եկատերինա Սոկոլովան այդ հոդվածում գրում է. - «Դժվար է մտածել, որ վերեւներում չեն հասկանում իրենց դրության ողջ բարդությունը: Իշխանության միջանցքներում ավելի հաճախ են կասկածում, որ նոր նախագահը ի վիճակի է իրավիճակը իր ձեռքը վերցնել եւ կարգավորել ներքաղաքական ճգնաժամը: Եվ իսկապես` այն, ինչ առկա է այսօր Հայաստանում, ավելի շատ անիշխանության է նման: Վարչախմբի չափազանց ցածր լեգիտիմությունը, ներքին ճղճիմությունները, հասարակության լայն աջակցությունը վայելող ընդդիմության անզիջողականությունը, երկրում ժողովրդավարությունը վերականգնելու` Եվրոպայի եւ ԱՄՆ-ի պահանջները, այս ամենը վարչախմբի ամրության մեջ լուրջ կասկածելու հիմքեր է տալիս»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ժամանակին խորհրդային իշխանությունն անվերջ համոզում էր քաղաքացիներին, թե առաջադեմ ողջ մարդկությունը միմիայն նրանով է զբաղված, որ հիանում է մեր տիեզերական նվաճումներով, բալետով, գեղասահքով ու «Կրասնայա Մոսկվա» օծանելիքով։ Այսօր հայրենի նեոբոլշեւիկները ձգտում են համոզել համաքաղաքացիներին, թե առաջադեմ ողջ մարդկությունը մտածում է բացառապես մի բանի մասին. կարտոնե՞ն արդյոք իշխանությունները հունիսի 20-ի միտինգը։ Ըստ որում, այստեղ նրանք հակասում են իրենք իրենց` հայտարարելով, թե միտինգը, միեւնույնն է, «կայանալու է նույնիսկ այն դեպքում, եթե քաղաքապետարանը չարտոնի այն»։ Այդ դեպքում այնքան էլ պարզ չէ, թե ինչու է այդպիսի աղմուկ բարձրացվում արտոնելու շուրջ»։

Փաստաբան Հովիկ Արսենյանը «ժամանակ Երեւան» թերթում խորհուրդ է տալիս. - «Թող հարցաքննեն Ռոբերտ Քոչարյանին, եւ ամեն ինչ կպարզվի: Չմոռանանք, որ նա հեռուստատեսությամբ հայտարարել է, որ կրարողները եղել են ցուցարարներ: Նրանք «ուխտադրժորեն մեքենայի անվի տակից կրակում էին ու թաքնվում»: Նրան որտեղի՞ց էր հայտնի դա: Եթե տեսաերիզ գոյություն ունի, թող նույն օրը ցուցադրեին` հասարակությանը ցույց տալու համար իր սադրիչներին: Իսկ եթե ինքը անձամբ է այնտեղ եղել, կամ նրան պատմել են, թող ասի, թե ով է եղել պատմողը»:

«Հայկական ժամանակ»-ը փաստում է. - «Ապրիլի 9-ի ինաուգուրացիայից այս կողմ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ Հայաստանի նոր նախագահին արժանացրել է իր այցելությանը, ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ-ի աջակցության համակարգող Թոմ Ադամսն է եղել: Այսինքն` ԱՄՆ-ի պետքարտուղարության` հինգերորդական նշանակության մի պաշտոնյա: Սերժ Սարգսյանի հյուրերի շարքում հատուկ տեղ են գրավում նաեւ ԱՄՆ-ի մի քանի կոնգրեսականներ, Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ Փիթեր Ռոզենբլատը: Ռուսաստանի մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետի եւ Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահի համեմատությամբ Ռոզենբլատն ու Ադամ Շիֆը, իհարկե, արտգործնախարարի տեղ էլ կանցնեն: Հատկապես որ նույնիսկ հարեւան երկրների նախագահներից, արտգործնախարարներից ու վարչապետերից ձեն-ձուն չկա… Աշխարհի նախագահների մեծ ընտանիքում Սերժ Սարգսյանը առայժմ միայնակ է ու լքված»:

«Ազգ»-ը հայտնում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ տիկինը` Գոհարը, երեկ բախտավորվել են երկրորդ տղա զավակով»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG