Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանական փոքրամասնության իրավունքներն ընդլայնող օրինագիծը


Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգում փոփոխությունները, որոնցով ընդդիմադիր խմբակցությանը կամ խմբակցություններին առավել մեծ դերակատարություն է վերապահվում` հայտարարությունների, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ առավելություններ, որեւէ արտահերթ հարց քննարկման ու քվեարկության հասցնելու իրավունք, եւ այլն:

Այս դրույթները մինչեւ խորհրդարանի հաջորդ ընտրություն միակ ընդդիմադիր՝ «Ժառանգություն» խմբակցությանն են առնչվելու: Խմբակցության պատգամավորները երեկ ձեռնպահ քվեարկեցին նախագծին` բացառությամբ Վարդան Խաչատրյանի, ով կողմ քվեարկեց:

Դեմ քվեարկեց միայն մեծամասնականով ընտրված հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որի կարծիքով, խորհրդարանում որեւէ ուժի դերակատարության չափը որոշում է ընտրողը՝ ընտրությունների ժամանակ տված ձայների քանակով:

Այս փոփոխություններն ընդունվելու դեպքում հաջորդ խորհրդարանում խմբակցությունները` այդ թվում ընդդիմությունը, մշտական հանձնաժողովների նախագահներ կունենան` ըստ իրենց թվային հարաբերակցության:

Ի դեպ, գործող խորհրդարանում նոր ձեւավորվելիք եւս երեք մշտական հանձնաժողովներից մեկում նախագահ ունենալու առաջարկը «Ժառանգություն»-ը մերժել է:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG