Մատչելիության հղումներ

«Գելափ». «Հայաստանում ամենալուրջ խնդիրներից մեկը քաղաքացիների անվստահությունն է քաղաքական գործիչների հանդեպ»


Հայաստանցիների գրեթե 70 տոկոսը համոզված է, որ երկրում բնակչության մեծամասնությունը վախենում է բացահայտորեն արտահայտել իր քաղաքական հայացքները: «Գելափ» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն` 2006 թվականի համեմատ, այս տեսակետի կողմնակիցների թիվը Հայաստանում ավելացել է ավելի քան 20 տոկոսով:

ԱՊՀ-ի երկրներից նման բարձր ցուցանիշ արձանագրվել է նաեւ Տաջիկստանում:

Մյուս բոլոր պետություններում իրավիճակն ավելի բարվոք է: Այսպես, Ադրբեջանում տեսակետները ազատորեն արտահայտելուց խուսափում է բնակչության 60, Վրաստանում` 55, Բելառուսում` 50, Ռուսաստանի Դաշնությունում` 40 տոկոսը:

«Գելափ»-ի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում առկա ամենալուրջ խնդիրներից մեկը շարքային քաղաքացիների անվստահությունն է քաղաքական գործիչների հանդեպ: 2007-ին անցկացված հետազոտության ընթացքում հարցված հայաստանցիների 92 տոկոսը նշել է, որ քաղաքական գործիչների կոռումպացվածությունը «լրջագույն խնդիր» է:

Վրաստանում անցկացված հետազոտության արդյունքներն ամփոփելով` «Գելափ»-ի մասնագետները նշում են, որ երկրի հանրության միայն 14 տոկոսին է բավարարում ժողովրդավարության վիճակը: Եթե 2006-ին սեփական տեսակետը հրապարակայնորեն վախենում էր արտահայտել վրացիների 28 տոկոսը, ապա 2007-ին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է` հասնելով 55 տոկոսի:

ԱՊՀ-ի անդամ պետություններից միակը, որտեղ բնակչությունը ընդհանուր առմամբ գոհ է ժողովրդավարական հաստատությունների գործունեությունից, Ղրղըզստանն է: 2006 թվականին այստեղ անցկացված հարցման ընթացում մասնակիցների 45 տոկոսը նշել էր, թե երկրի բնակիչների մեծ մասը սեփական տեսակետները ազատորեն արտահայտելու հնարավորություն չունի: 2007-ին արդեն այս ցուցանիշը նվազել է գրեթե 10 տոկոսով:

Հարցումներն անցկացվել են 2007 թվականին նախկին խորհրդային 14 հանրապետություններում: Պետություններից յուրաքանչյուրում հարցմամբ ընդգրկվել է 1000-ական մարդ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG