Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է. - «Հայաստանում մի տարօրինակ իրավիճակ է. նրանք, ովքեր պետք է լինեին ազատության մեջ, մեկուսարաններում են, իսկ շատ-շատերը, ովքեր վաղուց պետք է սեւ խավիարի կամ խորոված թառափի փոխարեն` բանտային շիլայով սնվեին, ոչ միայն մեկուսացված չեն հասարակությունից, այլեւ մագլցում են պետական նորանոր պաշտոններն ի վեր: Փետրվարի 19-ից եւ հատկապես մարտի 1-ից հետո ՀՀ-ի մեկուսարաններ է տեղափոխվել մեր երկրի լավ հասարակության մի մասը: Սակայն բանտերը, ինչպես մոռացված Արտաշես Գեղամյանը կասեր, լաց են լինում պետության ղեկավարների, բարձրաստիճան չինովնիկների, կոռումպացված նախարարների, գործարարներից կաշառք շորթող մաքսավորների, նրանց այդ պաշտոններում երաշխավորողների համար»:

«Ժամանակ Երեւան». - «Մեր տրամադրության տակ են ԱՄՆ արդարադատության նախարարության որոշ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ 2006-2007 թվականներին Սերժիկ Սարգսյանն ԱՄՆ-ում ու Եվրոպայում պատվիրել եւ իրականացրել է վճարովի լոբբիստական գործունեություն` ի նպաստ սեփական վարկանիշի ձեւավորման ու պրոպագանդման, որի համար հաշվետու վեց-յոթ ամիսներին վճարել է առնվազն 331 հազար 666 դոլար` «թեյավճարը» չհաշված: 2006-2007 թվականներին Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում ու Եվրոպայում իրականացրել է վճարովի լոբբիստական գործունեություն` օտարերկրյա պետությունների ու եվրոպական կառույցների առջեւ սեփական իմիջի ձեւավորման ու պրոպագանդման, արեւմտյան ԶԼՄ-ներում նույն թեմայով բարենպաստ նյութերի տարածման, ինչպես նաեւ այդ պետությունների ու կառույցների ղեկավարների հետ հանդիպումներ իրականացնելու եւ դրանց կազմակերպումն արագացնելու նպատակով: Այդ գործունեությունը զուգորդվել է նրա` ՀՀ վարչապետի գործունեության հետ` հանգեցնելով պետական ու անձնական խնդիրների միահյուսման եւ անձնական նպատակներով պետական դիրքի ու դրա ընձեռած հնարավորությունների օգտագործման»:

Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը «Հրապարակ» թերթում գրում է. - «Վարչախումբը պարզորոշ հասկացնում է` ընդդիմությանը ֆինանսավորելը պետական հեղաշրջման է հավասարազոր: Անշուշտ, մեկ վերապահմամբ` եթե այդ ընդդիմությանն ինքը չի ստեղծել կամ ինքը չի հրահանգել գործարարներին` «մի երկու կոպեկ դրանց բերանը գցեք, շատ չհաչան»: Նույն կարգի հանցագործություն է հռչակված լրատվամիջոցներին ֆինանսավորելը: Կրկին` վերը բերված վերապահմամբ: Եվ առհասարակ, բարեկեցիկ եւ իշխանությունից չկախված ապրելը վտանգավոր արարք է, իսկ եթե հանդգնես բարձրաձայն անհամաձայնություն արտահայտել տիրող կարգերի հանդեպ, սահուն տեղափոխվում ես քրեական դաշտ»:

«Առավոտ»-ի խմբագրականը, կանխատեսելով, թե ինչպիսին է լինելու ապագա Հասարակական խորհուրդը, գրում է. - «Կներառվեն այդ խորհրդում, օրինակ, Զորի Բալայանը, Հենրիկ Իգիթյանը եւ Խոսրով Հարությունյանը, ամիսը մի անգամ կհավաքվեն, իրար «ջան» կասեն, «ջան» կլսեն: Դա սպասվելիք ամենահնարավոր տարբերակն է: Բայց եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ Հասարակական խորհրդի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: Նրանք էլ կգան ու ամեն անգամ կասեն իշխանավորներին` «դուք ավազակապետեր եք եւ մոնղոլներ»: Ի՞նչ է դրանից փոխվելու, քաղաքական կամ սոցիալական ո՞ր խնդիրն է լուծվելու: Այնպես որ, ավելի լավ է անիմաստ կառույցներ չստեղծել եւ զբաղվել գործող ինստիտուտների ժողովրդավարացմամբ: Առաջինը հեշտ է, երկրորդը` դժվար»:

«Ազգ». - «Սահմանադրության մեջ ազգային բառը դարձավ տաբու, իսկ զինանշանում Արարատը փոքրացավ այնքան, որ մի կետ մնաց: Արարատը միայն հայկական զինանշանում կարող էր տեղ գտնել, որովհետեւ խորհրդանշում է հայությա’ն հարատեւությունը: Որեւէ այլ ժողովրդի մտքով չի անցնի Արարատը տեղադրել իր զինանշանում, որովհետեւ խորհրդանիշը իրավաբանական կատեգորիա չէ, եւ չես կարող ո’չ գրավել, ո’չ գնել, ո’չ էլ յուրացնել, թեեւ կան այդպիսի փորձեր: Արծիվը եւ առյուծը, որոնց կերպարանքներով պատված է հայկական զինանշանը եւ որոնք խորհրդանշում են ուժ, ազգային խորհրդանիշ չեն եւ կան ամենուրեք: Փաստորեն մենք նախընտրել ենք շաբլոնը` հրաժարվելով ինքնատիպությունից»:

«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով այսօր մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, հեգնում է. - «Ոչ, բարեկամներս, ֆուտբոլ խաղալ մեզ չի կարելի: Չկա ավելի մեծ անհեթեթություն, քան քոչվորներից փոխ առած այդ բարբարոսական սովորույթը: Անվերջանալի հարձակումներ քո նմանների դեմ, բղավող մարդկանց հորդաներ, ոտքով հարվածներ, ուրիշի բարիքին տիրանալու ցանկություն. դա չի կարող ուրախություն պատճառել մեր բազմաչարչար ժողովրդին: Պատմությունն ուսուցանում է մեզ հայ մարդուն բնորոշ շատ ավելի բնական զբաղմունքներ. սիբեխ հավաքելը, դուդուկ նվագելը, Մասիս նկարելը, ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելը, խորհրդարանական լսումներ կազմակերպելը, ուրիշի տակը փորելը, բամբասելը, «Դլե յաման» երգելը, բլղուրով փլավ ուտելը, բարդի շոյելը եւ հայի բախտից գանգատվելը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG