Մատչելիության հղումներ

Բարաք 0բաման եւ Հիլարի Քլինթոնը առանձնազրույց են ունեցել


Հունիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել են նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու պայքարում հաղթած սենատոր Բարաք 0բաման եւ նրա մրցակիցը՝ նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը:

USA Today-ի փոխանցմամբ, հանդիպումը տեղի է ունեցել Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Դիանա Ֆայնշտեյնի վաշինգտոնյան բնակարանում: Տանտիրուհին իր կուսակից-գործընկերներին տրամադրել է հյուրասենյակը եւ ինքն անձամբ զրույցին չի մասնակցել:

Քաղաքական մեկնաբաննները ենթադրում են, որ երկու սենատորները, հավանաբար, քննարկել են փոխնախագահի թեկնածության թեման:

Նախկին առաջին տիկնոջ մամլո ծառայության ղեկավար Հովարդ Վոլֆսոնն ասել է, որ Հիլարի Քլիղնթոնը չի ձգտում փոխնախագահ դառնալ:

«Միայն անձամբ տիկին Քլինթոնը կարող է խոսել իր ծրագրերի մասին, իսկ ընդհանրապես, փոխնախագահության խնդրի լուծումը վերապահված է բացառապես 0բամային», - ասել է Վոլֆսոնը:

Սենատոր 0բաման ասել է, որ ինքը չի շտապում վճիռ կայացնել, իր թիմում կա երեք հոգուց կազմված հատուկ հանձնախումբ, որը միայն փոխնախագահության հարցով է զբաղվում: «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, այդ հանձնախմբի անդամներից մեկը Քերոլայն Քեննեդին է՝ սպանված նախագահ Ջոն Քեննեդիի դուստրը:

Ամերիկյան քաղաքական ավանդույթի համաձայն, նախագահության թեկնածուն ինքն է որոշում փոխնախագահի թեկնածուի հարցը եւ պարտավորված չէ փոխնախագահություն առաջարկել ներկուսակցական ընտրություններում երկրորդ տեղը գրաված կուսակցին:

Ամերիկյան մամուլում կան տարբեր վերլուծություններ Քլինթոնի պարտության պատճառների մասին: Մեկնաբանների մի մասը ենթադրում է, որ Ամերիկան հաղթահարել է ռասայական խտրականության բարդույթը եւ պատրաստ է բարձրագույն պաշտոնը վստահել ոչ սպիտակամորթ քաղաքական գործչին: Բացի այդ, այս առումով նշվում է, որ վերջին տարիների ընթացքում նկատի է դարձել ժողովրդագրական տեղաշարժ՝ էապես աճել է ոչ սպիտակամորթ ընտրողների թիվը:

Որոշ մեկնաբաններ էլ ենթադրում են, որ Հիլարի Քլինթոնի ընտրության հարցում բացասական դեր է կատարել իր ամուսնու՝ Մոնիկա Լեւինսկու հետ սկանդալային պատմության «հերոս, դարձած նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:

Մամուլում կա նաեւ «սեքսիզմի» թեման: «Ռոյթերզ»-ի մեկնաբան Էլեն Վուլֆհորսթը գրել է, թե նախկին առաջին տիկնոջ աջակիցներից շատերն արդեն բողոքում են, որ եթե Բարաք 0բամայի դեպքում հանրությունը եւ մամուլը հաղթահարել են ռասայական խտրականության բարդույթը, ապա Հիլարի Քլինթոնի պարագայում «սեռական» խտրականություն են դրսեւորել:

Նյու 3որքից ընտրված սենատոր Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը վաղը ելույթ կունենա Վաշինգտոնում գտնվող Շինարարության ազգային թանգարանի շենքում: Արդեն հայտնի է, որ նա մտադիր է պաշտոնապես հայտարարել իր ընտրապայքարն ավարտելու մասին: Նա շնորհակալություն է հայտնելու իր աջակիցներին, շնորհավորելու է Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք 0բամային եւ բոլոր դեմոկրատներին կոչ է անելու սատարել նրան նոյեմբերի 4-ին կայանալիք նախաահական ընտրություններում:

Այսօրվա դրությամբ հայտնի չէ, թե արդյոք Քլինթոնն իր ելույթում կարծարծի փոխնախագահության թեկնածուի հարցը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG