Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը գտնում է, որ դատախազությունը եւ արդարադատության նախարարությունը «նենգափոխել են զեկույցի բովանդակությունը»


Հինգշաբթի օրը Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում, որտեղ քննարկվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցը նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ, որի կապակցությամբ առարկություններ էին ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազությունն ու արդարադատության նախարարությունը, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ այդ կառույցները «նենգափոխել են զեկույցի բովանդակությունը»:

«Դրանց հեղինակները բազմիցս նենգափոխել են զեկույցի բովանդակությունը: Շեղող շեշտադրումների միջոցով փորձ է արվում խուսափել զեկույցում բարձրացված հարցերին պատասխանելուց: Ձեւախեղելով, իսկ երբեմն էլ զարգացնելով զեկույցում առաջ քաշված հարցադրումները` առարկությունների հեղինակները բարձրացնում են զեկույցում չարտացոլված հարցեր եւ մանրամասն պատասխան են տալիս այդ հարցերին` դրանով իսկ հիմնավոր առարկության պատրանք ստեղծելով», - իր ելույթում ասաց Արմեն Հարությունյանը:

Նրա գնահատմամբ, գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարության առարկությունների անկյունաքարն այն է, որ օմբուդսմենը` հրապարակելով զեկույցը, գերազանցել է իր լիազորությունները:

Դատախազությունը, ըստ Հարությունյանի, «չհանդիսանալով քաղաքականության սուբյեկտ, ներկայացրել է քաղաքական գնահատականներ եւ ձեւակերպել քաղաքական բնույթի մեղադրանքներ»:

Զեկույցից եւ առարկություններից կոնկրետ օրինակներով Արմեն Հարությունյանը պնդեց, թե չի գերազանցել իր լիազորությունները. - «Սակայն, ի տարբերություն Մարդու իրավունքների պաշտպանի, դատախազության լիազորությունները սպառիչ են տրված Սահմանադրությունում, եւ չենք հասկանում` այդ ո՞ր լիազորությամբ է դատախազությունը մեղադրանքներ ներկայացնում Մարդու իրավունքների պաշտպանին»:

«Ո՞ր հիմքով եմ ես առարկություններ ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին. իմ զեկույցի զգալի մասը վերաբերում էր դրան», - հակադարձեց Աղվան Հովսեփյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ասաց. - «Գլխավոր դատախազության լիազորությունները Սահմանադրության մեջ սպառիչ թվարկված են, եւ առարկություններ հրապարակելը դատախազության լիազորություններից դուրս է»:

«Այնուամենայնիվ, ես մեծ խնդիր չեմ տեսնում, երբ դատախազությունը ներկայացնում է իր դիրքորոշումները», - շարունակեց Հարությունյանը` հավելելով. - «Սակայն որոշակի մտահոգություն ունեմ այն հարցերի հետ կապված, որ դատախազության ներկայացրած առարկություններում քաղաքական երանգը բավականին տեղ է գրավում»:

Իր ելույթում Աղվան Հովսեփյանը ասաց, թե պաշտպանն իր զեկույցում «հիմնվել է սուբյեկտիվ եւ չհիմնավորված օրինակների վրա»: Ըստ դատախազի, Արմեն Հարությունյանը «հիմնականում հիմնվել է քաղաքական, քարոզչական նպատակներ հետապնդող հրապարակումների վրա»:

Այն բանից հետո, երբ փաստաբան Սեդա Սաֆարյանին, որը հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող մի քանի անձանց շահերի պաշտպանն է, թույլ չտվեցին հարց ուղղել զեկուցողներին, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամները ցուցադրաբար դուրս եկան դահլիճից:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG