Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը Դումային հորդորում է հրաժարվել մամուլի ազատությունը սահմանափակող օրինագծից


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Պետական դումային դիմել է մամուլի մասին օրենքում սահմանափակումներ ենթադրող օրինագծից հրաժարվելու առաջարկով:

Ընդունվելու դեպքում օրինագիծը դատարաններին կընձեռեր զրպարտության մեղադրանքով լրատվամիջոցներ փակելու հնարավորություն:

Ինչպես նշում է «Ռոյթերզ» լրատվական գործակալության մեկնաբան Գայ Ֆալքոնբրիջը, «այդ լուրը կարող է արթնացնել մայիսի 7-ին նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինին փոխարինած իրավաբան Մեդվեդեւի նախագահության օրոք Ռուսաստանում մամուլի ազատության աստիճանը բարձրացնելու հույսերը»:

Ֆալքոնբրիջի փոխանցմամբ` Ռուսաստանում մեծ թվով լրագրողներ ասում են, որ Պուտինը, ով հիմա վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, իր նախագահության 8 տարիների ընթացքում սահմանափակել է մամուլի ազատությունը:

Մեդվեդեւը խորհրդարանի ստորին պալատին առաջարկում է հրաժարվել մամուլի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որն ապրիլի 25-ին արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Նախագահն իր առաջարկն այսօր փոխանցել է Պետդումայի նախագահ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովին:

«Ակնհայտ է, որ այդ լրամշակումները միայն կխոչընդոտեն զանգվածային լրատվամիջոցների բնականոն գործունեությունը եւ չեն նպաստի հայտարարված նպատակին, այն է՝ պաշտպանել քաղաքացիներին զրպարտչական բնույթի տեղեկություններից», - ասված է Գրիզլովին հասցեագրված Մեդվեդեւի ուղերձում:

Նախագահը Դումային առաջարկում է «հաշվի առնելով այդ հանգամանքները` աննպատակահարմար գտնել օրինագծի հետագա քննարկումը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Պետդուման մտադիր է հունիսի ընթացքում երկրորդ ընթերցման դնել եւ մերժել այդ օրինագիծը: Դումայի նախագահ Բորիս Գրիզլովն այսօր իսկ ասել է, որ «օրինագիծը հեռանկար չունի»:

«Մեդվեդեւի կարծիքը վաղուց էր հայտնի, նա կտրականապես դեմ էր օրինագծին», - ասել է Գրիզլովը եւ միաժամանակ հավելել, որ «զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքն այնուամենայնիվ բարեփոխման կարիք ունի, այն վաղուց էր գրվել եւ պետք է լրամշակվի»:

Գրիզլովի փոխանցմամբ` Դումայում կտեղծվի հանձնաժողով, որն ավելի ընդարձակ ձեւաչափով կմշակի օրենքի փոփոխությունները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG