Մատչելիության հղումներ

Նախագահը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին երկարատեւ եւ բարեխիղճ աշխատանքի համար եւ նշել, որ նա 9 տարի ղեկավարել է համակարգը, իսկ համակարգում ղեկավար պաշտոններ է զբաղեցնում 16 տարուց ավելի: «Բոլորդ հասկանում եք, որ որեւէ պաշտոն, որեւէ պետական ծառայություն հավերժ չէ, եւ փոփոխություններն անհրաժեշտ են», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ նախագահի, նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն 8 տարի առաջ համակարգից տեղափոխվելով այլ աշխատանքի` այդ աշխատանքում իրեն դրսեւորել է որպես լավ կազմակերպիչ, մարդ, ով կարող է լուծել իր առջեւ դրված խնդիրները:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նոր ոստիկանապետը կկարողանա միավորել ոստիկանության ջանքերը, որպեսզի ոստիկանությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, ոստիկանությունում աշխատողները լինեն սոցիալապես ավելի ապահով, եւ ոստիկաններն ու ոստիկանությունն ամբողջապես կարողանան կատարել իրենց առաքելությունը:

Նախագահը ոստիկանության ղեկավար կազմին կոչ է արել նոր տեսանկյունից նայել իրենց պարտականություններին եւ նոր թափով ձեռնամուխ լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Նորանշանակ ոստիկանապետը խոստացել է գործընկերների հետ միասին ջանք ու եռանդ չխնայել հասարակական կարգի ամրապնդման, հանցավորության դեմ նպատակաուղղված ու անզիջում պայքար ծավալելու ուղղությամբ: Ալիկ Սարգսյանն իր գերխնդիրն է համարել ոստիկանության անբասիր աշխատանքի արդյունքում նրա նկատմամբ հասարակության, ժողովրդի վստահության ու հավատի բարձրացումն ու ամրապնդումը:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG