Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր երեկոյան հանդիպելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, նախարարները քննարկելու են հայ - ռուսական երկկողմ հարաբերություններին, տարբեր միջազգային կազմակերպություններում` ՄԱԿ-ում, Եվրախորհրդում, ԵԱՀԿ-ում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային եւ այլ խնդիրներ:

Նեստերենկոն նշել է, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ եւ ռուսաստանյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում տարեցտարի ավելանում են: Ռուսաստանյան կապիտալի ներդրումը Հայաստանում շուտով կհասնի մեկ միլիարդ դոլարի:

Հայաստանի արտգործնախարարի այցի օրակարգում են նաեւ հանդիպումներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկու հետ:

Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում, որտեղ նա ժամանակին ստացել է իր բարձրագույն կրթությունը, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG