Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի պնդմամբ` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի օրերս հրապարակված զեկույցը Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում իրավիճակի մասին «կարծես ավելի շատ ոչ թե զեկույց է, այլ խիստ ընդհանուր, հաճախ էլ չապացուցված մեղադրանքների միջոցով որոշակի խնդիրներ լուծելու փորձ»։ «ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի առաջարկները կատարելու գործով զբաղված երկրին ու նրա ղեկավարությանը որոշակի ժամանակ տալու եւ Հայաստանի ներքաղաքական լարվածությունը մեղմելու ջանքերին նպաստելու փոխարեն Պետդեպարտամենտի զեկույցում տեղ գտած գնահատականներն ու «փաստերը» կարող են նոր քայլերի դրդել այս անգամ էլ հունիսի 20-ին նախապատրաստվող ընդդիմությանը», - գտնում է թերթը:

«Ինչո՞ւ իշխանությունն ու ընդդիմությունը այդպես էլ ոչ մի կերպ չեն կարողանում սկսել այդ անիծյալ երկխոսությունը, որի մասին չի արտահայտվել թերեւս միայն ամենածույլ մարդը։ Կդադարի՞ արդյոք երբեւէ այս կատաղի պայքարը երկու ճամբարների միջեւ», - հարցեր է բարձրացնում «Հայոց Աշխարհ»-ը` շարունակելով. - «Սակայն իրականում խնդիրը բնավ այն չէ, թե ով կհաղթի եւ ով ում կոչնչացնի։ Իրականում նրանց կյանքի իմաստը հենց պայքարն է, եւ ապրել առանց իրար կողմերը պարզապես չեն կարող»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Արդեն 3 ամիս է` իրար հանդիպելիս մարդիկ իրար նույն հարցն են տալիս. «լավ, բա սրա վերջը ի՞նչ է լինելու»: Եվ որպես կանոն, նույն պատասխանն են ստանում. «այսպես շարունակվել չի կարող»: «Այո», - շարունակում է թերթը, - «իրավիճակը դուրս է եկել իշխանության վերահսկողությունից: Եվ դուրս է եկել առաջին հերթին հենց այն պատճառով, որ ռեժիմն արդեն նույնիսկ իր «հենարանը» չի կարողանում վերահսկել: Սերժ Սարգսյանին բանի տեղ դնող չկա, Տիգրան Սարգսյանը համընդհանուր զվարճանքի առարկա է, Ռոբերտ Քոչարյանը փաստացի գոյություն չունի (որքան էլ լուրեր տարածի, թե ինքը դեռ ռեալ իշխանություն է) եւ այլն: Այլ կերպ ասած, խնդիրն այն չէ` Հայաստանի այսօրվա իշխանությունները լա՞վն են, թե՞ վատ: Լավ իշխանություններն էլ կարող են երկար կյանք ունենալ, վատ իշխանություններն էլ: Բայց անիշխանությունը երկար տեւել չի կարող: Իսկ Հայաստանում այսօր անիշխանություն է: Դրա համար ենք ասում` «այսպես շարունակվել չի կարող»:

«Ազգ»-ը գրում է, թե «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանի տեղեկություններով, դեռեւս Վրաստանում է գտվում մարտյան իրադարձություններից հետո հետապնվող մեկ անձնավորություն, որին նախնական կալանքի տակ են վերցրել վրացական իշխանությունները: Անձնավորությունը, որի անուն-ազգանունը Առնոլդ Ստեփանյանը «Ազգ»-ի հետ զրույցում չցանկացավ հրապարակել` հաշվի առնելով այդ մարդու անվտանգությունը, վերցված է երկամսյա նախնական կալանքի: Թերթի տեղեկություններով` մարտի 1-ի իրադարձություններից հետո «ավելի քան 50 մարդ էր հայտնվել Վրաստանի քաղաքներում ու շրջաններում: «Մեզ հասած տվյալներով, նրանք, կարծես թե, բոլորն արդեն հեռացել են Վրաստանից տարբեր ճանապարհներով», - ասում է Առնոլդ Ստեփանյանը: Ըստ նրա` Վրաստանից «հիմնականում հեռացել են Ռուսաստան, Ուկրաինա, Արեւելյան Եվրոպա»:

«Ժամանակ Երեւան»-ում անանուն վկան պատմում է մարտի 1-ի դեպքերի մասին. - «Ժողովրդի վրա սկսեցին կրակել ժամը 9-ի կողմերը: Կրակում էին զինվորներ մեջ շախմատաձեւ շարված մարդիկ` երեւի սպաներ էին: Մեր ձեռքը ոչինչ չկար: Առաջին զոհերից Քլոյան Գոռն էր, ինքը զոհվավ մարտական նռնակի պայթյունից… Գոռի վիրավորվելուց հետո տղաների մի մասը գնաց տներով` դե տեսան, որ ուղիղ նշանով կրակում են հերիք չի, դեռ նռնակներ էլ են գցում մեր վրա, որոնք երկու տեսակի էին` գազային ու մարտական: Ովքեր որ մնացինք` հավաքվանք Մյասնիկյանի արձանի մոտ կրակ արինք, ասինք մնանք մինչեւ լույսը բացվի, բայց որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Նախագահն ասում է գնացել տներով, մենք կամաց-կամաց գնացինք»:

«Տարեգիր»-ը գրում է. - «Վերջերս մամուլում բավական շատ քննարկվում է հարցը, թե իրականում ո՞վ է ղեկավարում Հայաստանը. Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Ընդդիմադիր մամուլը եւ գործիչները միաբերան պնդում են, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ազատվել Ռոբերտ Քոչարյանից կամ նրա ստվերից, նույնիսկ չի կարողանում իր վարորդին ու մերձագույն ընկերոջը դարձնել իր իսկ պահպանության ծառայության պետ: Սրան ի պատասխան` իշխանամետներն էլ պնդում են, թե ընդդիմադիրները, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների, ցնորվել են ու փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»:

«Իսկական Իրավունքը» թերթի գլխավոր խմբագիրը գրում է. - «Այժմ իրականացվում է «Իրավունքի» վերամիավորումը, քանզի բնական է, որ ընթերցողը պետք է ունենա մեկ միասնական թերթ: Հաջորդ համարից արդեն «Իսկական Իրավունք»-ի եւ «Իրավունք»-ի ընթերցողները ունենալու են վերամիավորված «Իրավունք» թերթը, եւ այսպիսով «Իրավունք»-ը վերադառնալու է ի շրջանս յուր: Վստահ ենք, որ մենք ընթերցողներ հետ միասին ոչ միայն վերականգնելու ենք թերթի նախկին զորությունը, այլեւ բազմապատկելու ենք այն»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG