Մատչելիության հղումներ

Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին գրանցվել է ՀՆԱ-ի 9.3 տոկոսի աճ


Հայաստանում 2008 թվականի հունվար - ապրիլ ամիսներին գրանցվել է Համախառն ներքին արդյունքի 9.3 տոկոսի աճ, ինչը, վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ` «վատ ցուցանիշ չէ»:

«Մեր ցանկալիից ցածր է», - կառավարության այսօրվա նիստում հավելեց Տիգրան Սարգսյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ մեր նպատակն է երկնիշ տնտեսական աճի ապահովումը»:

Վարչապետը իր մտահոգությունը հնչեցրեց գնաճի բարձր մակարդակի կապակցությամ. ապրիլին դեկտեմբերի նկատմամբ գրանցվել է 6 տոկոս գնաճ, ինչը «չափազանց բարձր ցուցանիշ է». - «Եվ սա մեր քաղաքացիներին մտահոգող համար մեկ խնդիրն է այսօր… Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գների էլաստիկության աստիճանը Հայաստանի Հանրապետությունում, ցավոք սրտի, մեզ չի բավարարում: Այն առումով` որ գները բարձրանում են բավականին կտրուկ եւ միանգամից, եւ հետագայում գների նվազումը տեղի է ունենում դանդաղ: Եվ, ցավոք սրտի, առանց պետության միջամտության մեզ չի հաջողվում զսպել գնաճը»:

Միջազգային շուկաներում գների նվազումը, ի տարբերություն աճի, վարչապետի խոսքով, հայաստանի գործարարները չեն նկատում. - «Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահելու այս խնդիրը, եւ առաջին հերթին ուսումնասիրություններ եւ ստուգումներ անցկացնելու ենք այն կազմակերպություններում, որոնց մոտ գների մակարդակը ադեկվատ չի լինելու միջազգային միտումներին»:

«Վերջին ժամանակահատվածում միջազգային շուկաներում արձանագրվում է հացի, հացամթերքի եւ բրնձի գների կտրուկ նվազում», - շարունակեց Տիգրան Սարգսյանը` մասնավորեցնելով. - «42 տոկոսով նվազել է ցորենի գինը` համեմատած նախորդ ամսվա հետ, եւ 22 տոկոսով նվազել է բրնձի գինը վերջին չորս շաբաթների ընթացքում»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG