Մատչելիության հղումներ

«Եվրախորհրդի պահանջների կատարման գործում շոշափելի արդյունքներ քիչ կան»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունները, որոնք ուղղված են վեհաժողովի վերջին բանաձեւի կատարմանը, սակայն մտահոգություն է հայտնել, որ առայժմ այդ նախաձեռնությունները շոշափելի քիչ արդյունքներ են տվել: Այդ մասին ասված է Ստրասբուրգում տարածված հաղորդագրությունում:

Հանձնաժողովը փաստել է, որ Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքի պահանջվող փոփոխությունները: Հանձնաժողովը նաեւ ողջունել է վեհաժողովի առաջարկած բարեփոխումների շուրջ երկխոսություն ծավալելուն ուղղված քայլերը եւ հույս է հայտնել, որ ընդդիմության առաջնորդները, որոնք մինչեւ այժմ հրաժարվում են երկխոսությունից, կփոխեն իրենց դիրքորոշումը:

Միաժամանակ հանձնաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել, որ մինչեւ այժմ որեւէ տեսանելի առաջընթաց չկա անկախ եւ վստահելի հետաքննություն սկսելու ուղղությամբ: Մարտի 1-ի դեպքերին հանգեցրած եւ այդ օրը տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծված խորհրդարանական հատուկ հանձնաժողովի ձեւաչափը չի ապահովի վեհաժողովի պահանջած անկախությունը եւ վստահելիությունը, եթե այդ հանձնաժողովի աշխատանքին չմասնակցեն արտախորհրդարանական ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային փորձագետները:

Հանձնաժողովը նաեւ ափսոսանք է հայտնել, որ առաջընթաց չկա այն անձանց ազատ արձակման հարցում, ովքեր կալանավորվել են ենթադրաբար արհեստական եւ քաղաքական մեղադրանքներով:

Միեւնույն ժամանակ հանձնաժողովը համոզմունք է հայտնել, որ, չնայած սուղ ժամանակին, Հայաստանի իշխանությունները կարող են բավարարել վեհաժողովի պահանջները մինչեւ հանձնաժողովի համազեկուցողների այցը, որը տեղի կունենա վեհաժողովի նստաշրջանից մեկ շաբաթ առաջ:

Եթե համազեկուցողները հունիսի 15-ին եւ 16-ին Հայաստան կատարելիք այցից հետո եզրակացնեն, որ բավարար առաջընթաց չի արձանագրվել, հանձնաժողովի նախագահի խնդրանքով վեհաժողովի ամառային նստաշրջանում հրատապ քննարկում կնախաձեռնվի Հայաստանի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG