Մատչելիության հղումներ

Նոր գիրք առասպելական «007» գործակալի մասին


«Պինդ տղա», ոգելից խմիչքներից չհարբող, կնամոլ, բոլոր աներեւակայելի դժվարությունները հաղթահարող, Արեւմուտքի արժեքները կոմունիստական կամ որեւէ այլ «չար» երկրների գործակալների եւ ահաբեկիչների ոտնձգություններից պաշտպանող, վճռական, հարկ եղած դեպքում դաժան, բայց միաժամանակ ազնիվ «007» գործակալի` Ջեյմս Բոնդի կերպարը կերտել է արկածային եւ դետեկտիվ ժանրի գրող Իեն Ֆլեմինգը, ով անպարտելի լրտեսի մասին 14 վեպ է գրել:

Բոնդի մասին գրքերը վաճառվել են շուրջ 100 միլիոն օրինակով: Ֆլեմինգի վերջին գրքում նկարագրված են 1966 թվականի իրադարձություններ:

Անցած տասնամյակներում այդ վեպերի հիման վրա նկարահանվել են Ջեյս Բոնդի մասին բազմաթիվ կինոնկարներ` ամենահայտնի կինոաստղերի մասնակցությամբ: Ֆիլմերը տեսած մարդկանց թիվը, «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հավասար է մոլորակի բնակչության գրեթե կեսին:

Սեբաստիան Ֆոլքսը նոր վեպը գրել է հանգուցյալ Ֆլեմինգի ընտանիքի պատվերով, իսկ գրքի հրատարակությունը նվիրված է «007» գործակալի կերպարը ստեղծած գրողի 100-ամյակին:

Ֆոլքսի հեղինակած գրքերի մեծ մասը նվիրված է պատերազմի թեմային:

Ի պատիվ «007» ծածկանունով հայտնի Ջեյմս Բոնդի` Ֆոլքսը ստորագրել է գրքի 7 օրինակ, որոնք ոստիկանների ուղեկցությամբ ուղարկել է Լոնդոնի կենտրոնում գտնվող գրախանութ:

Որեւէ տեղեկություն Սեբաստիան Ֆոլքսի վեպի սյուժեի մասին չի հաղորդվում, հայտնի է միայն, որ վեպում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում 1967 թվականին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG