Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը սպասում է հունիսի 10-ին


Վրաստանի ընդդիմությունը պատրաստվում է հունիսի 10-ին իրականացնել բողոքի վճռական գործողություններ: Ընդդիմությունը մերժում է մայիսի 21-ի ընտրությունների արդյունքում իրեն բաժին հասած մոտ երեք տասնյակ մանդատները եւ պահանջում է նոր ընտրություններ:

Հունիսի 10-ին նախատեսված է 150տեղանոց նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որը գումարելու համար պահանջվում է պատգավորների երկու երրորդի ներկայությունը: Այն ապահովելու հարցում իշխանությունը որեւէ խնդիր չունի, քանի որ մայիսի 21-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանում ապահովվել է սահմանադրական մեծամասնություն՝ շուրջ 120 տեղ:

Բարդությունն, ըստ մեկնաբանների, ոչ թե կանոնակարգային է, այլ քաղաքական՝ իշխող Միացյալ ազգային շարժման եւ դրա լիդեր` նախագահ Միխեիլ Սահակաշվիլիիի համար միակուսակցական խորհրդարան ունենալն աներեւակայելի տհաճ հեռանկար է: Թբիլիսիից հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ նախագահն ու նրա աջակիցներն այս օրերին փորձում են ճնշումների, խոստումների եւ քաղաքական այլ հնարքների միջոցով համոզել ընդդիմադիրներին չհրաժարվել մանդատներից:

«Սահակաշվիլին ստացած մանդատների առումով խոշոր հաղթանակ է տարել, բայց դրա հետ հանդերձ կրել է է'լ ավելի խոշոր քաղաքական պարտություն», - ասել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տնօրեն Դավիթ Կակաբաձեն:

Նրա խոսքերով, Սահակաշվիլին գիտեր այս ընտրությունների «գինը»՝ հունվարյան նախագահական ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, երկիրը երազում է միանալ ՆԱՏ0-ին, հեռավոր ապագայում` նաեւ Եվրամիությանը, երկրի համար օդի պես կարեւոր է Աբխազիայի եւ Հարավային 0սիայի պահպանման եւ ընդհանրապես Ռուսաստանի ոտնձգություններից պաշտպանվելու խնդրում Արեւմուտքի աջակցությունը:

Բացի այդ, թե' Վրաստանում եւ թե' Արեւմուտքում այլեւս հարցականի տակ է Սահակաշվիլիի՝ դեմոկրատ լինելու համբավը: Եվ հիմա այս ամենի համատեքստում մայիսի 21-ի ոչ մաքուր ընտրությունները խարխլում են Սահակաշվիլիի դիրքերը:

Մյուս կողմից, Դավիթ Կակաբաձեի կարծիքով, Սահակաշվիլիի համար խիստ կարեւոր է Միացյալ Ազգային շարժման համոզիչ հաղթանակը, բայց նպատակն էր՝ հաղթել ոչ թե բոլոր միջոցներով, այլ` մաքուր, որ հաղթանակն ընդունելի լիներ թե' տանը եւ թե' դրսում: Այդպես չի ստացվել:

Տեղացի եւ օտարերկրացի դիտորդների փոխանցմամբ, մայիսի 21-ին Վրաստանում կիրառվել են տխրահռչակ «կառուսելը», քվեարկության ժամերին զինվորական ստորաբաժանումների տարօրինակ տեղաշարժերը, նոր թողարկված անհասցե անձնագրերը, ընտրողներին վախեցնելու, կաշառելու փորձերը, մի խոսքով, այն ամենը, ինչ քաջ հայտնի է Անդրկովկասի բոլոր երկրներում:

Ընդդիմությունն էլ, ըստ դիրտորդների, մի «անդրկովկասյան» հնարքի է դիմել՝ նախապես, դեռ քվեարկությունից շատ առաջ Միացյալ ընդդիմության լիդերներ Դավիթ Գամկրելիձեն եւ Լեւան Գաչեչիլաձեն հայտարարել են, թե ակնկալում են միայն խոշոր հաղթանակ եւ որեւէ այլ արդյունք կգնահատեն որպես կեղծիք ու խաբեություն:

Արձագանքելով օտարերկրացի դիտորդների առաջին գնահատականներին` Գաչեչիլաձեն ասել է. - «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մեր մասին ամերիկացիները կամ եվրոպացիները, մենք պետք է վրացական պետություն կառուցենք»:

Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մայիսի 26-ին Անկախության օրվա առիթով Թբիլիսիում տեղի ունեցած զորահանդեսից հետո արտասանած ելույթում հավաստիացրել է, որ Վրաստանը կդառնա դեմոկրատական պետություն, կպահպանի տարածքային ամբողջականությունը եւ կլինի հայրենիք երկրում ապրող բոլոր ազգությունների համար:

Քաղաքական մեկնաբանները նշել են նաեւ, որ ընտրությունների ընթացքում հերթական անգամ իշխանությունները մեծ առավելության են հասել հայաբնակ եւ ադրբեջանաբնակ շրջաններում: Մեկնաբանելով այս հարցը, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության ղեկավար Դավիդ Կակաբաձեն ասել է, որ այստեղ երկու գործոն են դեր կատարում:

«Ազգային փոքրամասնություններն իսկապես ավանդաբար պաշտպանում են գործող իշխանություններին, բացի այդ, տեղում չինովնիկները է'լ ավելի ակտիվ են կիրառում տարատեսակ ճնշումների մեխանիզմը, դրանից էլ իշխանությունը 85-90 տոկոսի արդյունք է գրացում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG