Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքորոշումը նախագահների հանդիպումից առաջ


Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի Հայաստանի նոր ղեկավարությունից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Հայաստանում ընտրություններից հետո, նոր ղեկավարությունը իր սեփական դիրքորոշումներն է ունենալու ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ վաղ թե ուշ նրանք հանդես կգան բանակցությունները շարունակելու նախաձեռնությամբ», - ասել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն Ազիմովը եւ նրա կառավարությունը նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմից, - այս հարցին Ադրբեջանի փոխարտգործնախարարը արձագանքել է. - «Մենք լսել ենք մինչեւ այժմ հայ ղեկավարներից, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները կարգավորման հարցերի շուրջ: Բայց այս պատրաստակամությունը պետք է հիմնված լինի ինչ-որ բանի վրա: Ինչպիսին էլ լինեն քննարկման դրված տարբեր տարրերը, դրանք բոլորը տրամաբանորեն եւ անխուսափելիորեն գալիս են հանգելու մի կարեւոր հարցի, այն է՝ այս հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ պատճառով հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատասխանել այս հարցին»:

Ադրբեջանի թիվ երկու դիվանագետն ակնկալում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հակամարտության կարգավորման սեղանի շուրջ նստի` այս սկզբունքն ունենալով իբրեւ ելակետ:

Դրանից հետո, ըստ ադրբեջանցի դիվանագետի, բանակցությունները կմտնեն կոնկրետ հարցերի մշակման փուլ, երբ փուլային տարբերակով կքննարկվեն համաձայնագրի կոնկրետ առաջարկները եւ դրույթները: Սա կտանի դեպի ռազմական, տեխնիկական միջոցառումների մշակում, ինչը թույլ կտա վերացնել տարածքների «օկուպացիան», իսկ հետո տարածքների վերականգնման հնարավորություն կստեղծվի: Դա, իր հերթին, պայմաններ կստեղծի, որ բնակչությունը վերադառնա այդ շրջաններ, ինչը ենթադրում է նաեւ ադրբեջանցիների վերադարձը «Լեռնային Ղարաբաղի շրջան»: Ադրբեջանցի դիվանագետն ասում է, թե հաջորդ փուլում, երբ Լեռնային Ղարաբաղում երկու համայնքները կկարողանան ապրել միասին, խաղաղության եւ անվտանգության այսպիսի նոր միջավայրում արդեն այս համայնքները կկարողանան իրավական դաշտի շրջանակներում որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Հայերը պետք է հաշտվեն այն սկզբունքի հետ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փոփոխության ենթակա չէ, եւ որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա իբրեւ Ադրբեջանի մաս: Հայերը պետք է ընդունեն սա: Եթե նրանք ընդունեն սա, ապա մնացածը հեշտ գործ է», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը` հավելելով. - «Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ լավ հարեւան, ապա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Հայաստանի նոր ղեկավարությունը բավական ժամանակ ուներ իրադրությունը վերլուծելու համար` ընտրություններից հետո», - ամփոփել է Ազիմովը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG