Մատչելիության հղումներ

Հրազդանում վերընտրվել է գործող քաղաքապետը


Կիրակի օրը Հրազդանում անցկացված քաղաքապետի ընտրությունների պաշտոնական արդյունքներով` հաղթել է գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը:

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության նշանակած հանձնաժողովական Անդրանիկ Ափոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բոլոր 27 ընտրատեղատեղամասերի վերջնական ամփոփ տվյալներով` Արամ Դանիելյանի օգտին քվեարկել է 14 հազար 784 ընտրող, իսկ նրա միակ մրցակից, անկուսակցական Մեսրոպ Մեսրոպյանի օգտին՝ 6 հազար 42:

Մեսրոպ Մեսրոպյանը նախկինում եղել է հանրապետական, ապա հեռացվել է կուսակցությունից: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժումը Հրազդանի քաղաքապետի ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր Մեսրոպյանին սատարելու մասին: Նրան սատարելու կոչ էր արել նաեւ մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում հարուցված գործով կալանավորված` Հրազդանից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հանձնաժողովի նախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ ընտրություններն անցել են առանց միջադեպերի եւ` «ազատ, արդար, զուլալ ու թափանցիկ»:

Մեսրոպ Մեսրոպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե իր մրցակցի կողմից համատարած ընտրակաշառք է բաժանվել ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը: Նրա պնդմամբ, Արամ Դանիելյանը կաշառք եւ պաշտոն է խոստացել նաեւ իրեն` մրցապայքարից դուրս գալու պայմանով:

Վերընտրված քաղաքապետը, սակայն, հերքեց այդ պնդումները` մասնավորապես, ասելով. - «Կաշառք բաժանելը ասելով չէ` փաստեր են պետք: Բայց նման բան ես չեմ նկատել»:


Ռուզան Խաչատրյան եւ Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG