Մատչելիության հղումներ

Սիրուշոն «Եվրատեսիլ - 2008»-ում գրավեց չորրորդ տեղը


Բելգրադում շաբաթ ուշ երեկոյան կայացած «Եվրատեսիլ - 2008» մրցույթի եզրափակիչում իր «Քելե, քելե» երգով Հայաստանը ներկայացնող Սիրուշոն գրավեց չորրորդ տեղը:

Մրցույթի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Դիմա Բիլանը` իր I Believe երգով: Նրա համարին մասնակցում էին նաեւ հունգարացի անվանի ջութակահար Էդվին Մարտոնը եւ աշխարհահռչակ մարզիկ, գեղասահքի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն:

Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Ուկրաինան եւ Հունաստանը, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ հորիզոնականները` համապատասխանաբար, Նորվեգիան, Սերբիան, Թուրքիան եւ Ադրբեջանը:

Ռուսաստանը առաջին անգամ է հաղթում «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

Հաղթանակի կապակցությամբ Դիմա Բիլանին շնորհավորել են երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Ես հավատում էի հաղթանակին: Հաղթանակ` հաղթանակի ետեւից: Ֆուտբոլ, հոկեյ, հիմա էլ` «Եվրատեսիլ», - ոգեւորված հայտարարել է Բիլանը:

Ռուսաստանի բոլոր մարզերից ու քաղաքներից ուղջույնի ուղերձներ են հղում 26-ամյա երգչին, իսկ Կարաչաեւո-Չերկեսիայի նախալեռնային շրջանում գտնվող Ուստ-Ջեգուտ ավանի ադմինիստրացիան որոշել է փողոցներից մեկին տալ Դիմա Բիլանի անունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Բիլանի ծնողներն ապրել եւ աշխատել են Ուստ-Ջեգուտում, որտեղ եւ ծնվել ու 8 տարի ապրել է ապագա փոփ-աստղը:

«Եվրատեսիլ - 2009»-ը կանցկացվի Մոսկվայում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG