Մատչելիության հղումներ

Բուհի կողպված դռան պատճառը ժառանգության շուրջ վեճն է


Արայիկ Մկրտչյանն ինստիտուտի շենքի հանգուցյալ սեփականատեր Ավետիք Մկրտչյանի որդին է, քույրը` Լաուրա Մկրտչյանը, համալսարանի ռեկտորն է, իսկ երրորդ ժառանգորդը բնակվում է Ռուսաստանում:

«Մաքս Լիբերթի»֊-ի հետ զրույցում Արայիկ Մկրտչյանը ժխտեց դասախոսների եւ ուսանողների պնդումները, թե նրանց վիրավորել ու դուրս է հրավիրել համալսարանից:

«Ես Լոմոնոսովի անվան համալսարանն եմ ավարտել ու իմ ամբողջ կյանքի ընթացքում մարդ վիրավորած չկամ», - ասաց նա ու բողոքեց, որ հենց այն պահին, երբ ինքը պարզապես գնացել է համալսարան` տեսնելու, թե ինչ է կատարվում, իր քույրը զանգահարել է ոստիկանություն եւ պահանջել նրան հեռացնել տարածքից:

Արայիկ Մկրտչյանն ասաց, թե հոր մահից հետո իրենք երեք զավակներով համարվում են տարածքի ժառանգորդներ, եւ որ օրենքով շենքը մեկ երրորդ մասով բաժանված է իրենց մեջ: Նրա պնդմամբ՝ հոր մահից հետո արդեն ութ ամիս քույրը` Լաուրա Մկրտչյանը զբաղեցնում է ողջ տարածքը:

«Ես չեմ ուզում, որ իմ հոր ունեցվածքը փեսան տնօրինի», - ընդգծեց նա:

Զրուցեցինք նաեւ համալսարանի ռեկտորի հետ, ով այդ պահին զբաղված էր առաջացած խնդիրների պարզաբանման գործերով: Լաուրա Մկրտչյանը «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց, թե իր եղբյարը չի պահանջել ազատել տարածքը, պարզապես փոքր-ինչ բորբոքված է եղել:

«Նրա հովանավորերն են մեղավոր, այդ թվում նաեւ իր դատապաշտպանը»,֊ - ասաց նա:

Համալսարանի բակում հավաքված բողոքող դասախոսները, սակայն, այլ բան էին պատմում: Նրանց խոսքերով՝ իրենք ներկա են եղել այն գործընթացին, երբ դատական կատարածուները եկել ու կողպել են համալսարանի բոլոր լսարանների դռները:

Ուսանողները բողոքում էին, թե այս ամենից շատ տուժում են հենց իրենք:

Ժառանգության շուրջ վեճի առիթով նշանակված է դատաքննություն: Դասախոսներն ասացին, որ հունիսի 2-ին հրավիրված է դատական նիստ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG