Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարող է վերացնել վիզային սահմանափակումները հարեւան երկրների համար


Եվրամիությունը կարող է վերացնել վիզային սահմանափակումները Հայաստանի եւ Նոր հարեւանության ծրագրում ընդգրկված մյուս երկրների համար:

Ինչպես հաղորդում են EUobserver-ը եւ Deutsche Welle-ն, Լեհաստանը եւ Շվեդիան պատրաստել են համատեղ առաջարկների մի փաթեթ, որով նախատեսվում է ստեղծել այսպես կոչված «Արեւելյան համագործակցություն»:

Նոր ծրագիրը ենթադրում է միջազգային մի նոր ձեւաչափի ստեղծում, որի շրջանակներում Եվրամիության անդամ 27 երկրները իրենց հարաբերությունները է’լ ավելի են սերտացնելու Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:

Ծրագիրը ներկայացնելու են Լեհաստանի եւ Շվեդիայի վարչապետներ Դոնալդ Տուսկը եւ Ֆրեդերիկ Ռայնֆելդը՝ մայիսի 26-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը, իսկ հունիսին՝ Եվրամիության գագաթնաժողովին:

«Արեւելյան համագործակցություն» ծրագրով նախատեսվում է վերացնել վիզային սահմանափակումները ճանապարհորդությունների համար, ազատականացնել առեւտուրը, ստեղծել ազատ առեւտրի գոտիներ, իրականացնել մշակութային, ուսանողական փոխանակումներ եւ օգնության նոր ծրագրեր:

Փոխարենը՝ Եվրամիությունը պահանջելու է նախկին խորհրդային հինգ երկրներից քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնել:

Արեւելյան համագործակցության ծրագիրը չի առաջարկելու Եվրամիությանն անդամակցելու հեռանկար: Այնուհանդերձ, Լեհաստանը համոզված է, որ Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային այդպիսի հեռանկար պետք է առաջարկվի:

Ռուսաստանը չի հրավիրվելու մասնակցելու «Արեւելյան համագործակցությանը»: Իսկ Բելառուսի համար նախատեսվում է որոշակի տեխնիկական եւ փորձագիտական մակարդակի համագործակցություն:

Եվրամիությունը «Արեւելյան համագործակցության» երկրների համար չի պատրաստվում ստեղծել հատուկ քարտուղարություն՝ ինչպիսին Ֆրանսիան է ցանկանում ստեղծել Միջերկրական տարածաշրջանի երկրների միության համար: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին նպատակ ունի Միջերկրական տարածաշրջանի եւ Եվրամիության միջեւ սերտ համագործակցության իր ծրագիրը իրականություն դարձնել Եվրամիության Ֆրանսիայի նախագահության ժամանակ, որը սկսվում է այս տարվա հուլիսից:

EUobserver ինտերնետային հանդեսը հաղորդում է, որ Ֆրանսիան աստիճանաբար սկսում է հետաքրքրություն ցուցաբերել Հարավային Կովկասի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելու Լեհաստանի ծրագրի նկատմամբ, քանի որ առանց Լեհաստանի աջակցության չի կարող իրագործել իր միջերկրական նախաձեռնությունը:

Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Հոլանդիան նույնպես հավանություն են տվել այս ծրագրին: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, ծրագիրը դրական գնահատականի է արժանացել Եվրահանձնաժողովի կողմից: Սակայն Իսպանիան եւ Իտալիան դեռեւս վերապահումներ ունեն ծրագրի վերաբերյալ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG