Վրաստանում այսօր անցկացվող խորհրդարանական ընտրություններում պատգամավորի մանդատի համար պայքարում է 10-ից ավելի հայ թեկնածու:
Լիազորություններն ավարտող խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայազգի թեկնածուների մեծ մասը հաղթելու քիչ շանս ունի:
Ըստ նրա, համամասնական ընտրակարգով առաջադրվածներից պատգամավոր դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ով ընդգրկված է նախագահամետ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախընտրական ցուցակի անցողիկ հատվածում:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրատարածքներին, ապա խորհրդարան մեկական պատգամավոր են ուղարկելու Նինոծմինդայի եւ Ախալքալակի հայերը: Նինոծմինդայում ընտրարշավի առաջատարը վրացական խորհրդարանի վետերան Հենզել Մկոյանն է:
«Հաղթելու դեպքում Մկոյանը կդառնա նորանկախ Վրաստանի պատմության մեջ առաջին գործիչը, ով երեք անգամ անընդմեջ [մեծամասնական ընտրակարգով] պատգամավոր է ընտրվում: Ախալքալակի շրջանում մեծ է հավանականությունը, որ կհաղթի Հարություն Հովհաննիսյանը` շրջանի նախկին ղեկավարը: Նա 30 տարեկան է, կազմակերպական ունակություններով օժտված անձնավորություն է», - ասաց Բայբուրդը:
Եվս մի հայազգի թեկնածու` Ծալկայի շրջանի մեծամասնական ընտրատարածքում առաջադրված, Ավանդապաշտների կուսակցության անդամ Հայկ Մելտոնյանը վերջին պահին ինքնաբացարկ է հայտնել: Ըստ Վան Բայբուրդի, պատճառը Մելտոնյանի տարաձայնություններն էին կուսակցության ղեկավարների հետ:
«Ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակներում հայ թեկնածուները անցողիկ տեղերում չեն», - ասաց Վան Բայբուրդը` հատուկ նշելով, որ խոսքը այն կուսակցությունների մասին է, որոնք 5 տոկոսի արգելքը հաղթահարելու շանս գրեթե չունեն:
Առաջատար ընդդիմադիր կուսակցությունների ու դաշինքների համամասնական ցուցակներում հայեր չկան ընդհանրապես. - «Հայեր չկան միացյալ ընդդիմության համամասնական ցուցակում, չկան հայեր նաեւ հանրապետականների ու լեյբորիստների ցուցակներում. սրանք այն կուսակցություններն են, որոնք ի վիճակի են հաղթահարել 5 տոկոսի արգելքը»:
Ինքը` իշխող կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Վան Բայբուրդը խորհրդարանի հաջորդ գումարման կազմում ընդգրկված չի լինի:
«Դա իմ ցանկությունից չէր կախված, բոլորն էլ ուզում են [ընտրվել], սակայն կա կուսակցական կարգապահություն: Նրանք կարծում են երեւի, որ ես այլ տեղ կարող եմ ավելի օգտակար լինել, քան խորհրդարանում», - նշեց Բայբուրդը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա