Մատչելիության հղումներ

Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահները քննարկել են էներգետիկ համագործակցության հեռանկարները


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը երեկ Բաքվում քննարկել են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:

«Մեր պետությունները էներգետիկ ոլորտում շատ բարձր ցուցանիշներ ունեն եւ մասնակցում են այլ պետությունների էներգետիկ անվտանգության ապահովման գործին», - հանդիպման ավարտին հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Արեւմտյան փորձագետների կարծիքով` Աշխաբադն ու Բաքուն ցանկանում են կյանքի կոչել տրանսկասպյան գազամուղի նախագիծը, որը հնարավորություն կտա թուրքմենական գազը Հարավային Կովկասի տարածքով տեղափոխել Եվրամիության երկրներ:

Էներգետիկ հարցերով վերլուծաբան Ջենիֆեր Դելայը նշում է. - «Եվրամիությունը խիստ անհանգստացած է ռուսաստանյան էներգակիրներից իր այս կախվածությունից: 2006-2007 թվականներին այս մտավախությունն ու անհանգստությունն ուժեղացան, երբ գազի մատակարարման որոշ ընդհատումներ եղան: Սա է պատճառը, որ Եվրամիությունը խիստ շահագրգռված է Nabucco նախագծի, մի շարք այլ նմանատիպ ծրագրերի իրագործմամբ»:

Վերլուծաբանների կարծիքով` այս նախագծերի իրականացման հեռանկարները բավական լավատեսական են: Դրա հիմնական պատճառներից մեկը, ըստ արեւմտյան մասնագետների, Թուրքմենստանի ղեկավարության փոփոխությունն էր 2006 թվականին: Թուրքմենստանի նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովի պատճառով, ըստ Ջենիֆեր Դելայի, տրանսկասպյան գազատարի կառուցումը հետաձգվեց գրեթե 10 տարով:

«Շելլ» եւ «Բեխտել» ընկերությունները այն ժամանակ պատրաստվում էին Կասպից ծովի հատակով գազատար կառուցել, որը Բաքվում կմիանար ադրբեջանական կողմի կառուցած խողովակաշարին: Վերջին պահին, սակայն, Թուրքմենբաշին սկսեց փոփոխության ենթարկել նախագծի իրականացման ժամկետները` ասելով, թե արեւմտյան ընկերությունները Թուրքմենստանին բավարար գումար չեն առաջարկում: «Շելլ»-ի ղեկավարները ստիպված էին վերջ տալ ծրագրին ու հեռանալ», - ասում է փորձագետը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG