Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը նկատում է. - «Ով չի ալարում` մենախոսում է երկխոսության անհրաժեշտության մասին: Մենախոսողներից նրանք, ովքեր իրականում սարսափում են երկխոսությունից, ամեն ինչ անում են այն ձախողելու համար: Նրանք հասկացել են, որ երկխոսությունից խուսափելու ամենաուղիղ ճանապարհը բռնություններն ու անօրինականությունները շարունակելն է»:

«Իսկական Իրավունքը»-ը թերթն այսօր գրում է. - «Այս պահին կարծես թե իշխանության եւ լեւոնականների միջեւ առճակատումը չի խորանում, եւ երկու կողմերն էլ կտրուկ քայլեր չեն ձեռնարկում: Իշխանությունը սահմանափակվում է հիմնականում մեղմ դատավճիռներով եւ ոչ առանձնապես ակտիվ ոստիկանական գործողություններով, իսկ լեւոնականները` մանր-մունր ակցիաներով եւ տեղեկատվական սադրանքներով: Երկու կողմերն էլ դրա համար ունեն իրենց դրդապատճառները: Մի կողմից զանգվածային հանրահավաքների համար մոտեցող ամառը համարվում է ոչ այնքան հարմար սեզոն, ինչը չեն կարող հաշվի չառնել ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ նրա արեւմտյան պատվիրատուները, մյուս կողմից կտրուկ չվարվելը իշխանություններին հնարավորություն է ընձեռում ցույց տալ եվրոպական կառույցներին, որ իրենց պահանջները իբր կատարվում են»:

«Մենք ականատեսը եւ վկան ենք այն իրադրության, երբ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական քաղաքացիներին», - գրում է «Հրապարակ» թերթը: - «Պատերազմ, որի բնույթն ու էությունը չեն ենթադրում զինադադար կան փոխզիջում: Եթե որեւէ երկրի որեւէ իշխանության օրոք տեղի է ունենում «մարտի 1», ապա ակնհայտ է դառնում, որ պետությունը, իր ինստիտուտների գործառնության իմաստով, «վերջացել» է, իսկ հասարակությունը կանգնել է հերթական ճամփաբաժանի առջեւ: Եվ մենք կարող ենք արձանագրել մի իրողություն, որը, գուցե, ավելի պարզորոշ կընկալվի գալիք սերնդի կողմից. մարտի 1-ը վերջակետ դրեց Հայաստանի երրորդ հանրապետության գոյությանը: Մենք կանգնած ենք ճամփաբաժանի առաջ, որը վճռելու է մեր սերունդների ճակատագիրը»:

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «Առավոտ»-ին փոխանցել է, որ իր պաշտպանյալը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու մասին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ փետրվարի 23-ին ստորագրած երկու հրամանագրերը վիճարկելու եւ դրանք անվավեր ճանաչելու պահանջով. - «Պատասխանող կողմն այս դեպքում, իհարկե, հրամանագրերը ստորագրած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է լինելու»:

«Անկասկած` ռեժիմը քաղաքական որոշում է կայացրել», - պնդում է «Չորրորդ իշխանություն»-ը` մանրամասնելով. - «Դատելով ձեռնարկված միջոցառումներից, որոշումը եղել է այսպիսին. ուժեղացնել ոստիկանական տեռորը եւ վախեցնել շարժման ակտիվիստներին, «կարգուկանոն հաստատել» դատարաններում եւ թույլ չտալ, որ դատավորները, տեղի տալով ժողովրդի ճնշմանը, «կազմաքանդվեն», եւ ձեւավորել համապատասխան հասարակական կարծիք` «հիմնավորելով», որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան մեծ հասարակական աջակցություն չի վայելում, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Որոշման «առաջին կետի» իրականացումը դրվել է իրավապահների վրա, երկրորդինը` դատարանների դահլիճներում էլեկտրաշոկ կիրառող ոստիկանների վրա, երրորդինը` անձնական օգտագործման սոցիոլոգների վրա»:

«Ժամանակ Երեւան» թերթի շարադրմամբ` Քաղաքացիական շարժման մասնակիցների զանգվածային մարտիմեկյան ձերբակալությունները, «անշուշտ, բացասաբար ազդեցին Համաժողովրդական շարժման բնականոն զարգացման վրա». - «Սակայն քաղաքական հայացքների համար ձերբակալվածների ներկայությունը կալանավայրերում զգալիորեն բարելավել է կալանավայրերի բարոյահոգեբանական մթնոլորտը եւ անգամ պայմանները: Դա առավել նկատելի է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որ պահվում է մոտ 1000 հոգի: Ըստ մեր աղբյուրների` կալանավորներն ու դատապարտյալները սկսել են արդեն ադմինիստրացիային դիմումներ ներկայացնել ամենատարբեր ոլորտների իրենց օրինական իրավունքների իրացման պահանջով, ինչը սովորաբար պարսավելի է համարվել «գողական բերդի» համբավ ունեցող «Նուբարաշեն»-ում: Զգալիորեն բարելավվել է նաեւ բանտի աշխատակիցների վերաբերմունքը կալանավորների նկատմամբ… Լուրեն կան, որ բարելավվելու են կենցաղային այլ պայմաններ եւս: Մասնավորապես արագ տեմպերով իրականացվում են կալանավայրի բաղնիքների վերանորոգման աշխատանքները, որոնք սկսվել էին շատ վաղուց: Այնպես որ, Համաժողովրդական շարժման ձերբակալված առաջամարտիկների ներկայությունը շարունակում է գործել իր ազդեցությունը, թերեւս առայժմ` «Նուբարաշեն»-ում: Բայց կարեւորն այն է, որ` դրական»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG