Մատչելիության հղումներ

Սերբիայում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները


Կիրակի օրը Սերբիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է նախագահ Բորիս Թաջիչի գլխավորած Եվրոպամետ ուժերի դաշինքը, սակայն ազգայնական Ռադիկալ կուսակցությունը հայտարարել է, որ ինքն էլ կարող է ունենալ կառավարություն ձեւավորելու հնարավորություն:

Փորձագետների գնահատմամբ, այս ընտրությունները վճռորոշ են երկրի համար, քանի որ դրանց արդյունքները կանխորոշում են այն ուղին, որով կշարժվի Սերբիան առաջիկա տարիներին` կորդեգրի եվրաինտեգրմա՞ն ճանապարհը, թե՞ կսերտացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ընտրություններին մասնակցում էին 22 կուսակցություն եւ դաշինք, բայց հիմնական մրցակցությունը ծավալվեց արդեն նշված ուժերի միջեւ: Ըստ նախնական տվյալների, քաղաքական այս ուժերը միասին կզբաղեցնեն խորհրդարանական 250 տեղերի շուրջ 2/3-ը:

Եվրոպամետ ուժերի դաշինքը ձգտում է դեպի Արեւմուտք` համարելով, որ միայն Արեւմուտքի հետ հարաբերությունների ամրապնդումը կօգնի լուծել Սերբիայի առջեւ ծառացած խնդիրները: Իսկ ազգայնականները հանդես են գալիս խիստ հակաարեւմտյան դիրքերից եւ խրախուսում են Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Ի դեպ, Եվրամիությունը, զգուշանալով Սերբիայում ազգայնականների դիրքերի ամրապնդումից, ընտրություններին նախորդող շրջանում մի շարք քայլեր ձեռնարկեց, որպեսզի պահպանի երկրում արեւմտամետ ուժերի դիրքերը:

Խորհրդարանական այս ընտրություններում քվեարկեցին նաեւ Կոսովոյի սերբերը, չնայած Կոսովոյի իշխանությունները եւ երկրամասում ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախապես լրջորեն քննադատում էին Սերբիայի այս որոշումը` դա որակելով ապօրինի քայլ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG