Մատչելիության հղումներ

Բեյրութում հրկիզվել է «Սեւան» հայկական ռադիոկայանը


Միակ հայկական հաստատությունը, որ տուժել է Lիբանանում տեղի ունեցած վերջին բախումների ընթացքում, Բեյրութի «Սեւան» ռադիոկայանն է: Ըստ Lիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի, ռադիոկայանը գործում է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ շաբաթ առավոտյան դարձել է ընդդիմադիր «Հեզբոլա» շարժման զինյալների թիրախը:

«Սեւան» ռադիոկայանը կուսակցականապես անկախ է, սակայն Սաադ Հարիրի շարժման հովանավորությունն ունի: Շաբաթ օրն առավոտյան ժամը հինգին «Հեզբոլայի» զինյալները մտան եւ այրեցին ռադիոկայանը: Հիմա [հեռարձակումը] վերականգնված է եւ ռադիոկայանը երաժշտություն է հաղորդում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է հայազգի պատգամավորը:

«Ստեղծված ներքաղաքական կացության ֆոնին` Lիբանանում գործող հայկական կուսակցությունները որոշեցին հանդես գալ միասնական դիրքերից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց լիբանանյան խորհրդարանի մեկ այլ անդամ, դաշնակցական Հակոբ Բագրատունին:

«Դեպքերի առաջին իսկ օրը հայկական կուսակցությունների ղեկավարները հավաքվեցին` միասնաբար քննարկելու երկրում ստեղծված կացությունը: Նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով կոչ էին անում դադարեցնել ընդհարումները, վերադառնալ երկխոսության սեղանի շուրջ»:

Բագրատունին նշում է, որ այժմ Բեյրությում փաստացի իշխանությունը լիբանանյան բանակի ձեռքում է, որը փորձում է մայրաքաղաքի փողոցներում կարգուկանոն հաստատել: Այս իրողությանը դեմ չէ ո'չ ընդդիմությունը, ո'չ էլ երկրի արեւմտամետ կառավարությունը:

«Ենթադրում եմ, որ առաջիկա մեկ-երկու օրերին, եթե բախումներ չլինեն, քաղաքական լուծումներ կգտնվեն: Նման մեծ բախումներից հետո ճիշտ կլիներ հարցի ընդհանուր լուծման մասին մտածել: Արդեն իսկ խոսում են ժամանակավոր կառավարություն ստեղծելու, [հետաձգված] նախագահական ընտրություններն անցկացնելու, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին», - նշեց Lիբանանի խորհրդարանի պատգամավորը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG