Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները մերժել են Ստամբուլում Հայ-թուրքական գործարար ընկերակցության գրասենյակ բացելու դիմումը


Հայ-թուրքական գործարար ընկերակցությունը, «Թըրքիշ դեյլի նյուս» թերթի փոխանցմամբ, հայտնել է, որ մերժվել է իրենց դիմումը Ստամբուլում ընկերակցության գրասենյակը բացելու խնդրանքով:

Թուրքիայի համապատասխան մարմիներին դիմումը անցյալ տարվա մայիսին ներկայացրել էր Հայ -թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Դիմումը մերժել է երկրի ներքին գործերի նախարարությունը այս տարվա փետրվարին:

Քահան Սոյակը` այդ խորհրդի համանախագահը, հաստատել է, որ կազմակերպության չորս անդամեր, այդ թվում եւ ինքը, անցած մայիսին դիմել էին գրասենյակ բացելու համար:

«Մենք ինն ամիս արձագանք չէինք ստացել», - թուրքական թերթին ասել է Սոյակը: - «Փետրվարին Ստամբուլի նահանգապետի գրասենյակը նամակ ուղարկեց, որով մերժում է մեր խնդրանքը` առանց որեւէ պատճառաբանության»:

Նրա խոսքերով, մինչեւ փետրվար խորհրդի հայ եւ թուրք անդամները տպավորություն ունեին, որ ներքին գործերի նախարարությունը կթույլատրի գրասենյակի բացումը, որովհետեւ անցած նոյեմբերին ԱՄՆ-Թուրքիա կլոր սեղանի ժամանակ թուրք դիվանագետները փոխանցել էին կառավարության մտադրությունը, որ թույլատրելու են գրասենյակի բացումը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG