Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել է Մեծ հայրենականի վետերաններին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների կոմիտեի եւ վետերանների խորհրդի մի խումբ անդամների:

Սերժ Սարգսյանը վետերաններին շնորհավորել է Հաղթանակի տոնի առթիվ` մասնավորապես, ասելով. - «Եթե չլիներ ձեր օրինակը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, չլիներ մեր պապերի օրինակը, մենք, ամենայն հավանականությամբ, չէինք կարողանա մեր նորօրյա պատմության մեջ պաշտպանել մեր հայրենիքը, պաշտպանել մեր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Շատ շնորհակալ եմ ձեզ ե՛ւ ծառայության համար, ե՛ւ այն աշխատանքի համար, որ պատերազմից հետո, մինչեւ հիմա իրականացնում եք մեր երիտասարդ սերնդին կրթելու, դաստիարակելու ուղղությամբ: Ձեր անձնական օրինակը շատ կարեւոր է նրանց հայրենասիրական դաստիարակության գործում»:

Վետերանները երկրի ղեկավարի հետ քննարկել են իրենց սոցիալական ապահովությանն առնչվող մի շարք խնդիրներ:

Մեծ հայրենականի մասնակիցները նախագահի հետ զրուցել են նաեւ համապետական խնդիրների մասին եւ ասել, որ դրանց աստիճանական լուծումը տեսնում են միայն կայուն, համախմբված եւ լավ պաշտպանված Հայաստանի առկայությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` կարեւորելով ազգային միասնությունն ու համերաշխությունը, վետերանները նշել են, որ «հաստատակամորեն կանգնած են իշխանությունների թիկունքին, գտնում են, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ եւ լիովին պաշտպանում են նախագահի վարած քաղաքականությունը»:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG