Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Երկու ամիսը բավարար չէ՞» վերնագրված խմբագրականում գրում է. - «Եթե մարտի 1-ին այդ [ընդդիմադիր] գործիչներից որեւէ մեկը բռնի կերպով դարձել է նախարար, պատգամավոր կամ նույնիսկ թաղապետ, ապա նրանց մեղքն, անշուշտ, հիմնավորված է, եւ այդ գործերը վաղուց արդեն պետք է ուղարկվեին դատարան: Բայց երկու ամիսը միանգամայն բավարար էր` այս տարրական հանգամանքը պարզելու համար: Հակառակ դեպքում` եթե քաղաքական գործիչը հրապարակավ ասում է` «այս իշխանությունը վատն է եւ պիտի հեռանա», եւ դա դիտվում է որպես «իշխանության յուրացում», ապա աշխարհիս երեսին ոչ մի ընդդիմադիր չի մնա. բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում ընդդիմությունը հենց դա է ասում: Իրականում բոլորս, իհարկե, հասկանում ենք, թե ինչու են քաղաքական գործիչներն ամիսներով պահվում բանտում: Որպեսզի նրանք դուրս չգան եւ չավելացնեն ընդդիմության պոտենցիալը: Բայց այդ պատճառը, որքան հասկանում եմ, իրավական հարթությունից բավականին հեռու է»:

Երկրապահի օրվա նախօրեին երեւանյանի մի շարք թերթեր հրապարակել են Համաժողովրդական շարժման կենտրոնի հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Երկրապահը անմնացորդ միացավ հանուն ազատության մղվող համաժողովրդական պայքարին: Իրենց կոչումն իրականացնելու համար նրանցից շատերը ժամանակին զոհվեցին եւ հանգչում են Եռաբլուրում, շատերը հաշմանդամներ են: Իսկ այսօր նրանք` Լեռնային Ղարաբաղը ազատագրած, Հայաստանի սահմանները պաշտպանած, իրենց եւ ուրիշների ազատության համար պայքարած հերոսները, բանտարկյալներ են: Ժամանակին Ադրբեջանը կերազեր նրանց ունենալ իր բանտերում, այսօր նրանք բանտարկյալներ են Հայաստանում: Նրանք քաղաքական բանտարկյալներ են»:

«Հայոց Աշխարհ»-ի հոդվածագիրը հարց է ուղղում Լեւոն Տեր-Պետրոսյանին. - «Պարոն Տեր-Պետրոսյան, ինչո՞ւ դուրս չեկաք տանից եւ ժամը 15:00-ի սահմաններում չգնացիք ֆրանսիական դեսպանատան մոտ` ղեկավարելու ձեր սկսած քաղաքական գործընթացը, ինչո՞ւ չէիք պատասխանել ձեր շրջապատի հորդորներին, որոնք ձեզ ուղղակի խնդրել էին շտապ գնալ ֆրանսիական դեսպանատան մոտ եւ րոպեական ճշգրտությամբ ներկայացրել են, որ այնտեղ իրավիճակը ծայրահեղ լարված է: Ավելին, դուք ոչ միայն չեք գնացել, այլեւ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Զուրաբյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին կտրականապես արգելել եք գնալ այնտեղ ժամը 14-ի սահմաններում` քաջ գիտակցելով, որ ձեր բացակայությունը եւ ձեզ փոխարինելու պատրաստ որեւէ ազդեցիկ գործչի բացակայությունը կարող է խուճապ ու անորոշություն առաջացնել թե՛ ժողովրդի եւ թե՛ իրավապահների շրջանում։ Ձեզ իրավիճակի սրացում էր պետք այդ երկու ժամվա մեջ եւ դուք դա ունեցաք»։

«Ազգ»-ը գրում է. - «Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարոյական իրավունք չուներ վերստին նախագահ դառնալու ցանկություն իսկ հայտնելու՝ 90-ականների դժոխային տարիները մեր ժողովրդին եւ երկրին «պարգեւելու» համար, այն, որ նա անհանդուրժողական նախընտրական քարոզչություն տարավ, պառակտելով եւ միմյանց դեմ դուրս բերելով ժողովրդին, որ նա էր գլխավոր հրահրողը եւ մեղավորը մարտի 1-ին թափված արյան համար, մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել ասելու եւ հիմնավորելու: Սակայն դրա հետ մեկտեղ չենք կարող չնշել, որ անընդունելի են այն հետապնդումները, որոնց մինչ օրս ենթարկվում է Խաչատուր Սուքիասյանը, որովհետեւ նախընտրական արշավի ժամանակ աջակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հատկապես այժմ, երբ հետընտրական կրքերը կարծես թե հանդարտվելու նշաններ են ցույց տալիս, առավել անիմաստ եւ մեր երկրի տնտեսության ու գործարար միջավայրի համար վնասաբեր են դառնում այն քայլերը, որ իրականացվում են Խաչատուր Սուքիասյանի ընկերությունների նկատմամբ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG