Մատչելիության հղումներ

Հռոմի պապը «Թայմ» հանդեսի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում չի ընդգրկվել


«Թայմ» հանդեսն օրերս հրապարակել է մոլորակի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Մեկնաբանները նշում են, որ որքան էլ զարմանալի է եւ տարօրինակ, հեղինակավոր հանդեսի կազմած ցուցակում չկա Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` «Թայմ»-ը հինգերորդ անգամ է այդօրինակ ցանկ կազմում:

«Թայմ»-ի այս տարվա ցուցակը գլխավորում է Տիբեթի արտաքսյալ առաջնորդ Դալայ Լաման: Նրան հաջորդում է Վլադիմիր Պուտինը, ով այս շաբաթ Ռուսաստանի նախագահի աթոռը կզիջի Դմիտրի Մեդվեդեւին, սակայն անմիջապես կստանձնի վարչապետի պաշտոնը: Երրորդ տեղում դեմոկրատների կողմից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Բարաք Օբաման է, չորրորդը՝ Դեմոկրատական կուսակցությունից մյուս հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը, հինգերորդը՝ հանրապետականների թեկնածու Ջոն ՄըքՔեյնը, եւ միայն վեցերորդ տեղում ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջորջ Բուշն է:

Հոգեւորականներից ցուցակում են Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիոմեոսը, Իրաքի շիա մահմեդականների առաջնորդ Մուղթադա Ալ-Սադրը:

Հարյուր ամենաազդեցիկ մարդկանց թվում են պետական գործիչներ, գիտնականներ, գործարարներ, արվեստագետներ, մարզիկներ:

Մեկնաբանելով ցուցակում Բենեդիկտոս տասնվեցերորդի բացակայության փաստը` Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է. - «Ես շատ գոհ եմ, որ Պապը ցուցակում չկա, որովհետեւ այն չափորոշիչները, որոնք կիրառում են ցուցակը կազմողները, բացարձակ անհարիր են քահանայապետի կրոնական եւ բարոյական կերպարին: Շատ դժվար է ինչ-որ զուգահեռներ անցկացնել, ցուցակում ընդգրկել այդչափ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, այնտեղ դերասաններ են, թենիսիստներ եւ այլն»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG